Քննիչը հրաժարվում է առերեսել Սերոբ Գասպարյանին և նրա դեմ ցուցմունք տված անձանց՝ փորձելով հիմքեր ստեղծել կալանքի ժամկետի երկարացման համար
- Ani

- Oct 11, 2024
- 2 min read

Քննչականը չի ցանկանում առերեսում կատարել «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի և նրա վերաբերյալ ցուցմունք տված երկու անձանց միջև։ Այս մասին«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված՝ փաստաբանն այս փուլում զերծ մնաց մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ երկու անձի ցուցմունք մեղադրական բնույթ ունեն, ինչի հիման վրա Գասպարյանը կալանքի տակ է, սակայն քննիչը մերժել է առերեսում կատարելու միջնորդությունը՝ նշելով, որ նպատակահարմար չէ, իսկ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը մերժվել է դատախազի կողմից։
«Խնդիրն այն է, որ Գասպարյանի կալանավորման հիմքում իրավաչափության պայմաններից դրված է միայն խոչընդոտելու հիմքը, հետևաբար, եթե որպես ելակետային ընդունենք, որ խոչընդոտելու հիմքի համար կարևոր գործոն է հանդիսանում՝ այդ վկաների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու հանգամանքն է, ապա այդ ազդեցության գործադրման նվազեցման կամ վերացման միակ գործիքն առերեսումների կատարումն է, բայց ստացվում է, որ ՔԿ-ն չի ցանկանում առերեսումներ կատարի, որ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում առնվազն այս փուլում չունենանք, որ հաջորդ սանկցիայի քննարկման շրջանակներում չկարողանանք նվաճել Գասպարյանի ազատությունը կամ գոնե բանտային կալանքից անցում դեպքի տնային կալանքի»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դա ինքնանպատակ և ոչ իրավաչափ մոտեցում է՝ պաշտպանության կողմի համար փակուղի ստեղծելով։
Կալանավորման որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին։ Բողոքը քննել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Ինչ վերաբերում է ՌԴ ուղարկված նամակներին, ապա դրանց պատասխան դեռ չի տրվել։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։




















