Ես ուժեղ խաղացող եմ. պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը՝ Արա Մարտիրոսյանի, Սարոյի և Սուպեր Սաքոյի հետ աշխատելու և ARM SQUID-ի կրքերի մասին
- Ani

- 1 hour ago
- 2 min read

«Ես ռիսկային եմ, ուղղախոս և համարձակ: «ARM SQUID»-ը խաղ է, իսկ խաղի մեջ խաղի կանոններով պետք է շարժվել, անունս շատ շրջանառվեց, ինչը չզարմացրեց ինձ, քանի որ տեսակիս բնորոշ էր»,-ասաց Լիլիթ Գալստյանը, ում անունը համացանցում վերջին շրջանում ամենաքննարկվածներից է:
Լիլիթը վստահեցնում է, որ խաղի մեջ ամեն ինչ իրական էր.
«Շոու չէր և իրական էր ամեն բան: Ոմանք ինձ վիրավորում և պիտակավորում էին, առհասարակ, պիտակավորել բոլորը բոլորին էլ կարող են, սակայն հարց է՝ արդյո՞ք դա ինձ հետաքրքրում է, թե՞ ոչ: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ ես ուժեղ խաղացող եմ, ուստի՝ իրավունք ունեն որակավորելու ու պիտակավորելու: Սիրում եմ նրանց հետևել: Ապշեցնող լսարան ունենք. չեն կարող մտածել որ շրջան էր, պարզապես գնահատեն խաղը, որն արդեն ավարտվել է»:
Լիլիթի խոսքով՝ այս շրջանում զբաղված է սիրելի աշխատանքով: Արդեն երկար ժամանակ է, ինչ որպես մենեջեր-պրոդյուսեր համագործակցում է Սարոյի, Սուպեր Սաքոյի հետ: Նա նաև երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի մենեջերն էր:
«Թե մենեջեր, թե պրոդյուսեր լինելը և հետնաբեմում աշխատելը շատ պատասխանատու է, միաժամանակ, շատ հետաքրքիր: Աշխատանքս բարդ է, սակայն կարողանում եմ պատվով այն իրականացնել: Հավատացեք՝ նման արտիստների հետ աշխատելը, նրանց համերգները կազմակերպելը չի կարող հեշտ լինել: Սուպեր Սաքոյի պրոդյուսերը լինելով՝ չեմ կարող հանրային չլինել, օրինակ՝ հենց նա որոշեց, որ 50.000 հանդիսատեսի առաջ պետք է շնորհակալություն հայտնի կատարածս աշխատանքի համար: 50.000 մարդ միահամուռ ծափահարում էր համերգի կայանալու համար: Լինելով Սարոյի մենեջերը՝ զբաղվում են նաև նրա ֆանտաստիկ համերգների կազմակերպմամբ: Ի դեպ,Սարոն ևս ուղեկցել է ինձ բեմ ու ծափերի արժանացրել. 30.000 հանդիսատես ծափահարում էր ինձ: Սա ինձ համար ամենամեծ գնահատականն է արածս աշխատանքի համար: Ամեն համերգից հետո ավելի եմ հասկանում կատարածս աշխատանքի լրջությունը: Հիմա էլ պատրաստվում ենք Սարոյի մեծ մենահամերգին»,-ասաց Լիլիթը:
Վերջինս չի հերքում, որ այն արտիստները, որոնց հետ ինքն աշխատում է, բավական բծախնդիր են.
«Պահանջկոտ արտիստների համար միշտ պատրաստ եմ աշխատել: Հեշտ համագործակցության կողմնակից չեմ, բծախնդիր մարդկանց հետ եմ սիրում աշխատել, ովքեր գիտեն՝ ինչ են ցանկանում, տալիս են առաջադրանքը, դու էլ պատվով իրականացնում ես: Գործունեությունս սկսել եմ 2020 թվականին Սարո Թովմասյանի հետ: Առաջարկեց միասին աշխատել, քանի որ համագործակցելու փորձ եղել եր: Բավական բուռն քննարկումից հետո եկանք այն եզրահանգման, որ կարող ենք միասին աշխատել, ու ես կկազմակերպեմ իր համերգները: Արդարացրել եմ իր սպասելիքները. մեր համատեղ աշխատանքի 6-րդ տարին է: Հենց աշխատանքս կատարելիս էլ ինձ նկատեց Արա Մարտիրոսյանը և աշխատանքային առաջարկություն արեց:
Հետո արդեն Սուպեր Սաքոյի հետ սկսեցի աշխատել: Այնպես է ստացվել, որ աշխատում եմ բացառապես տղամարդկանց հետ, սակայն ինձ այդպես ավելի հարմարավետ է»:
Վերջին նախագծերից Լիլիթն առանձնացրեց Սուպեր Սաքոյի՝ Դուբայում կայացած համերգը:
«Վերջերս Դուբայում՝ Palm Jumeirah-ի շքեղ Raffles The Palm համալիրում, տեղի ունեցավ Սուպեր Սաքոյի համերգը։ Այդ միջավայրում անցկացված միջոցառումը դարձավ ոչ միայն երաժշտական իրադարձություն, այլև գեղեցիկ շոու՝ բարձրակարգ ձայնային ու լուսային լուծումներով, մանրակրկիտ բեմադրությամբ և միջազգային մակարդակի կազմակերպմամբ։ Ցանկություն ունեինք Սուպեր Սաքոյին ներկայացնել միջազգային հարթակում։ Նույնիսկ մանրուքների վրա մեծ ուշադրություն ենք դարձրել։ Սա պարզապես ելույթ չէր, այլ մտածված շոու՝ սկսած մուտքից մինչև եզրափակիչ պահը։ Որպես պրոդյուսեր՝ բազմիցս նման համերգներ կազմակերպել եմ, հաջորդիվ նախատեսվում է մասշտաբային ծրագիր նաև Միացյալ Նահանգներում և ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ հարցին: Բացեմ փակագծերը՝ ամռանն էլ Սուպեր Սաքոն Հայաստանում համերգ կունենա»,-ասաց պրոդյուսերը:
Որպես հաջողության բանաձև՝ Լիլիթը նշեց իր աշխատասիրությունը.
«Աշխատել, աշխատել ու էլի աշխատել, ինչը շատ եմ սիրում ու ասում են՝ ինձ մոտ լավ է ստացվում: Միաժամանակ, սովորել, կարդալ, անդադար ուսումնասիրել դաշտը, հոլովակներ դիտել ու փորձ ձեռք բերել»,-եզրափակեց Լիլիթ Գալստյանը:




















