Եթե դիվերսիան հաջողվեր, մարդկային զոհեր կլինեին. ՆԱՏՕ-ի գեներալը զգուշացնում է Պուտինին

Լայնածավալ հակամարտության դեպքում մեր կիրառելիք ռազմական ուժն ու հնարավորությունները զգալիորեն գերազանցում են Ռուսաստանի հնարավորությունները։ Այս մասին գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Նրա խոսքով՝ Մասնավորապես, Ռուսաստանի զինանոցում չկան ո՛չ ժամանակակից հինգերորդ սերնդի կործանիչներ, ո՛չ էլ այնքան ժամանակակից էսկադրային ականակիրներ կամ սուզանավեր, որքան ունի ՆԱՏՕ-ն։
Գրինկևիչը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը սովորական սպառազինությունների կիրառմամբ լայնածավալ հարձակում չի սկսի եվրոպական երկրների դեմ։
«Պուտինը դիմում է այլ մեթոդների, օրինակ՝ դիվերսիաների, քանի որ այլ տարբերակներ չունի։ Պուտինը չի ցանկանում ուղիղ հակամարտություն»,- նշել է նա։
Անդրադառնալով Մոսկվայի վերջին սպառնալիքներին, թե Կալինինգրադի մեկուսացումը կարող է ուղղակի ռազմական բախման հանգեցնել, Գրինկևիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և ռազմական գործողությունների է դիմում միայն այն դեպքում, երբ հարձակման է ենթարկվում։
Անդրադառնալով Լայպցիգի և Հալլեի օդանավակայանում իրականացված դիվերսիային, որի կազմակերպման մեջ մեղադրում են Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի գեներալը հայտարարել է, որ նույնիսկ այդ փորձն ինքնին «թույլատրելի սահմանների հատում» էր։
«Եթե հարձակումը հաջողվեր, օդ կբարձրանային վառելիքով լի մի քանի «Անտոնով» ինքնաթիռներ, և, ամենայն հավանականությամբ, մարդկային զոհեր կլինեին»,– նշել է գեներալը՝ չհստակեցնելով, թե նման իրավիճակում ինչ քայլեր կձեռնարկեր ՆԱՏՕ-ն։




















