Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտություն կրած Ֆլավիու Բոլսոնարուն փախել է ԱՄՆ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտություն կրած սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն փախել է ԱՄՆ՝ չնայած դատական իշխանությունների՝ ելքի արգելքին: Տեղեկությունը հաստատել է CNN Brasil հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, սենատորը կրկնել է իր հոր՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որոշումը, որը նույնպես մեկնել էր Միացյալ Նահանգներ 2022 թվականի ընտրություններում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից կրած պարտությունից հետո:
Քաղաքական գործչի մեկնումը տեղի է ունեցել՝ հակառակ ուղղակի դատական արգելքի: Նախօրեին Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսը պարտավորեցրել էր Բոլսոնարուին ոստիկանությանը հանձնել սովորական և դիվանագիտական անձնագրերը, միաժամանակ արգելելով նրան լքել երկիրը՝ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործի քննության շրջանակներում: Ավելի վաղ Folha de S.Paulo թերթը հաղորդել էր, որ սենատորը կարող էր գաղտնի հատել Արգենտինայի հետ սահմանը, որտեղից մասնավոր ինքնաթիռով թռչել է ԱՄՆ, թեև երկու երկրների միգրացիոն ծառայությունները չեն արձանագրել նրա օրինական տեղաշարժը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բրազիլիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ գործող պետության ղեկավար Լուլա դա Սիլվան հաղթանակ է տարել (51,79%), իսկ Ֆլավիու Բոլսոնարուն պարտություն է կրել (48,21%): Քաղաքական գործչի գաղտնի փախուստը խոր հիասթափություն է առաջացրել նրա քաղաքական դաշնակիցների շրջանում, որոնք հույս ունեին, որ սենատորն անձամբ կգլխավորի Ազգային կոնգրեսում նոր կառավարության դեմ ընդդիմությունը:




















