2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:
«Նրանց համավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 հազար 800 ամսական ապահովագրավճարից 4 հազար 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 հազար 400 դրամը կվճարի գործատուն և 2000 դրամն աշխատողը կվճարի»,- ներկայացրեց նախարարը:
Այն քաղաքացիները, ում աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից անցնի 200 հազար դրամը և լինի մինչև 500 հազար դրամ, Անահիտ Ավանեսյանի խոսքով, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամ: Մնացած 4 հազար 400 դրամը կվճարի քաղաքացին:
Նախարարը նաև ներկայացրեց, որ 2027-ի հունվարի 1-ից աշխատող անձինք կամավոր հիմունքներով հնարավորություն կունենան ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց:
«Սա նշանակում է, որ 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգ՝ իրենք վճարելով նրանց համար: Իսկ 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի», - մանրամասնեց Ավանեսյանը:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից։ Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները,18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող անձինք, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։




















