Ուկրաինական ճակատում որոշվում է Արևմուտք-ՌԴ հարաբերությունների ապագան
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ Արևմուտքն ակտիվորեն զինում է Կիևին, ԱՄՆ-ն սպառնում է ամենակոշտ պատժամիջոցները կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Մոսկվայի համար Արևմուտքը ստեղծում է մի իրավիճակ, երբ միջամտելը բերելու է տնտեսական, քաղաքական մեկուսացման և նոր պատժամիջոցների, որոնք հարվածելու են ռուսական տնտեսությանը, իսկ չմիջամտելու պարագայում ՌԴ-ն, որպես գերտերություն, ունենալու է վարկանիշային անկում, իսկ Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ դառնում է ուղղակի ժամանակի հարց և տեխնիկական խնդիր:
ՌԴ-ի համար Ուկրաինան կարևոր է մի շարք պատճառներով՝ առաջին հերթին գեոպոլիտիկ և անվտանգային: Ուկրաինայում բնակվում են միլիոնավոր ռուսներ՝ առաջին հերթին Դոնբասում և թողնել նրանց բախտի քմահաճույքին Մոսկվան չի կարող:
Բացի այդ, Ուկրաինան ունի երկար սահման ՌԴ-ի և ՌԴ-ի դաշնակից Բելառուսի հետ: Ուկրաինան ունի ելք դեպի Սև և Ազովի ծովեր, իսկ ՆԱՏՕ մտնելու պարագայում ուկրաինական նավահանգիստներում տեղակայվելու են ամերիկյան, նատօական ռազմանավեր, որոնք կարող են արգելափակել ռուսական սևծովյան նավատորմն, այդ թվում Ղրիմում՝ Սևաստոպոլում:
45 միլիոն բնակչությամբ, մեծ տարածքով Ուկրաինան կարող է դառնալ նաև լուրջ ռազմական սպառնալիք՝ այդ երկրում կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ական, ամերիկյան հրթիռներ, այդ թվում միջուկային մարտագլխիկներով, որոնք 5-10 րոպեում կարող են հարվածել Մոսկվային և ՌԴ-ի համար այլ ռազմավարական օբյեկտներին:
ՌԴ-ի համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը՝ Շվեյցարիայի կամ Շվեդիայի նմանությամբ, որպեսզի Ուկրաինան զերծ մնա որևէ ռազմական դաշինքին անդամակցելուց: Ուկրաինան, սակայն, գտնվելով Արևմուտքի ուժեղ ազդեցության տակ՝տնտեսական, քաղաքական, ռազմական՝ ցանկանում է մտնել ՆԱՏՕ, որպեսզի կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Ղրիմն արդեն միացել է ՌԴ-ին, Դոնբասի բնակչությունն էլ ակտիվորեն ստանում է ՌԴ-ի քաղաքացիություն և հանրաքվեի պարագայում մեծ հավանականությամբ Դոնբասը նույնպես կմտնի ՌԴ-ի կազմի մեջ:
Ուկրաինայի տարածքով էր անցնում ռուսական գազամուղը, որով ռուսական կողմը՝ Գազպրոմը գազ էր մատակարարում եվրոպական շուկա, սակայն այժմ ՌԴ-ն կառուցում է Թուրքական հոսք և Հյուսիսային հոսք-2 գազամուղերը, որպեսզի գրեթե զրոյացնի իր գազային, տարանցիկ կախվածությունն Ուկրաինայից, ինչը մահացու հարված է ուկրաինական տնտեսության, էներգետիկ անվտանգության համար:
ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հնչում են ուլտիմատիվ մեսիջներ՝ Ուկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան, այդ թվում անդամակցի ՆԱՏՕ-ին: Մոսկվայի համար այդպիսի հարցադրումը՝ կարմիր գիծ է և անվտանգության սպառնալիք: Այս պահին ուկրաինական ճակատում տիրող իրավիճակը հիշեցնում է casus belli`կողմերը սպասում են հարմար պահի հարցը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու համար:
Կիևում շատ լավ հասկանում են, որ նրանք ի վիճակի չեն լինելու դիմագրավել ՌԴ-ին, եթե ռուսական կողմը Ուկրաինա ներխուժի երեք ուղղություններից՝ Դոնբասից, Ղրիմից և հնարավոր է նաև Բելառուսի տարածքից:
Ռազմական ներուժով Ուկրաինան շատ է զիջում ՌԴ-ին և Արևմուտքի կողմից Ուկրաինայի օպերատիվ կերպով զինումը չի կարող շատ արագ փոխել ուժերի բալանսը կամ անգամ հավասարեցնել այդ բալանսը: ՌԴ-ի համար նույնպես ռազմական լուծումը ունի բազմաթիվ մինուսներ՝ մարդկային կորուստներ, տնտեսության դեմ Արևմուտքի կողմից կիրառվելիք պատժամիջոցներ՝ երկարատև պատերազմ Ուկրաինայի տարածքում Մոսկվային նույնպես ձեռնտու չէ:
Ուկրաինական խնդիրը կարող է հանգուցալուծվել դիվանագիտական ճանապարհով, եթե Արևմուտքը ՌԴ-ին հստակ երաշխիքներ տա, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մոսկվան իր հերթին երաշխավորի, որ Ուկրաինայի դեմ պատերազմ չի սկսելու: Նյարդերի պայքարն Արևմուտքի և ՌԴ-ի միջև շարունակվում է և անգամ փոքր ռազմական միջադեպը Դոնբասում կամ ռուս-ուկրաինական սահմանին կարող է վերաճել լայնածավալ ռազմական բախման:




















