Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանը վերածում են գեոպոլիտիկ գործոնի
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022-ին: Նախագծի արժեքը կազմում է 185 մլն թուրքական լիրա (13.7 մլն դոլար), որից 100 միլիոն կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ Botaş-ի ու ադրբեջանական Socar-ի կողմից: Օրական 1.5 մլն խմ թողունակությամբ գազատարի համար Թուրքիա-Նախիջևան սահմանի մոտ կկառուցվի նաև չափիչ կայան:
Թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդում է Նախիջևանի գեոպոլիտիկ նշանակությունն՝այդ տարածքով երկաթգիծ, ավտոմոբիլային ճանապարհ, գազամուղ անցկացնելով: Անկարան և Բաքուն ցանկանում են, որպեսզի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մի հատվածն անցնի Նախիջևանով՝ Թուրքիա-Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ուղղությամբ:
Տնտեսական կարևորությանը զուգահեռ թուրք-ադրբեջանական տանդեմի համար Նախիջևանն ունի ռազմա-քաղաքական նշանակություն: Նախիջևանում գտնվող ադրբեջանական բանակն արդիականացվում է, այնտեղ տեղակայվում են հրթիռային և այլ համակարգեր, Թուրքիայի բանակի սպաների կողմից այնտեղ գտնվող ադրբեջանական զինուժը վերապատրաստվում և մարզվում է:
Նախիջևանը ռազմական սպառնալիք է Հայաստանի համար՝ մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Սյունիքի մարզի համար: Երասխ-Ջուլֆա երկաթգծի կառուցման դեպքում դրա մի հատվածն անցնելու է Նախիջևանի տարածքով. երկաթգիծը Հայաստանը կապելու է Իրանին: Այս առումով Նախիջևանը դառնալու է կապող օղակ՝ Արևելք-Արևմուտք ուղղության վրա՝ Թուրքիան կապելով Ադրբեջանի և թյուրքախոս Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ուղղության վրա՝ Հայաստանը կապելով Իրանի և Պարսից ծոցի հետ:
Նախիջևանը թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերով վերածվում է լուրջ գեոպոլիտիկ գործոնի Հարավային Կովկասում: Եթե հաշվի առնենք Անկարայի և Բաքվի պանթուրքական ծրագրերը, ապա Նախիջևանը պլացդարմ է նաև ընդդեմ Իրանական Ադրբեջանի կամ Իրանի հյուսիսային շրջանների:
Իրանը շատ լավ գիտակցում է, որ Անկարան և Բաքուն, կյանքի կոչելով Զանգեզուրյան միջանցքն ու դեպի Նախիջևան երկաթգիծ և գազամուղ կառուցելով, ցանկանում են նվազեցնել Իրանի ազդեցությունը Նախիջևանի վրա, այդ թվում` Ադրբեջանի կախվածությունն Իրանի տարածքով դեպի Նախիջևան ապրանքների տարանցումից:
Այսպիսով, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հարավային Կովկասում իրենց էքսպանսիոնիստական քաղաքականությունը՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո փոխելով առկա ստատուս-քվոն հօգուտ թուրքական գործոնի, այդ թվում թուրքական ռազմա-քաղաքական, էներգետիկ-տրանսպորտային դիրքերն ամրապնդելով Նախիջևանում:
Արտյոմ Բալասանով




















