Մեծ Բրիտանիան փորձում է զսպել «ռուսական արջին»
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 2 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ համագործակցության նոր ֆորմատ են ստեղծում:
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է տրամադրել հազարավոր հակատանկային զինատեսակներ, բացի այդ, Լոնդոնը 2 միլիարդ ֆունթ սթերլինգ է ներդնելու ուկրաինական էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերում: Դրան զուգահեռ, հայտնի է դարձել, որ Լեհաստանը և Ուկրաինան նոր գազամուղ են կառուցում, որպեսզի Լեհաստանն Ուկրաինային գազ մատակարարի՝ նվազեցնելով Ուկրաինայի կախվածությունը ռուսական գազից:
Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրման ֆոնին Մեծ Բրիտանիան սկսել է վարել ՌԴ-ին զսպելու արտաքին քաղաքականություն: Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեծ ՌԴ-ն ընկալվում է որպես սպառնալիք բրիտանական ազգային, պետական շահերին:
Բրիտանիան դարեր շարունակ Ռուսաստանին կամ Ռուսական կայսրությանը զսպել է այլ երկրների միջոցով՝ կոալիցիաներ ստեղծելով ընդդեմ Ռուսաստանի: Այսօր Լոնդոնը շեշտը դնում է երկու երկրների՝ Լեհաստանի և Ուկրաինայի վրա:
Լեհաստանն ունի ելք դեպի Բալթիկ ծով՝ սահմանակից է ՌԴ-ի Կալինինգրադի մարզին, Բելառուսին, պատմականորեն բարդ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ՝ Լեհաստանը դարեր շարունակ եղել է Ռուսական կայսրության կազմում: Լոնդոնը, Լեհաստանի վրա հենվելով, ցանկանում է զսպել Ռուսաստանին Բալթիկ ծովում, Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև խորացնելով բրիտանա-լեհական կապերը՝ արձագանում է Բելառուս-ՌԴ կապերի, այդ թվում ռազմական կապերի խորացմանն ու Միութենական պետության ստեղծմանը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այդ երկիրն ունի ելք դեպի Սև ծով՝ սահմանակից է ՌԴ-ին, ունի Ղրիմի և Դոնբասի խնդիրներն ու Լոնդոնը ցանկանում է հզորացնելով ուկրաինական բանակն ու ռազմածովային ուժերը՝ զսպել Ռուսաստանին Սև ծովում: Սև ծովում և Բալթիկ ծովում Լոնդոնը ձեռք է բերում ռազմավարական դաշնակիցներ կամ պլացդարմներ՝ Մոսկվայի դեմ գործելու համար:
Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի խորը կապերը Թուրքիայի հետ՝ Անկարան նույնպես միանալու է բրիտանական նոր կոալիցիային՝ պատահական չէ, որ Անկարան սկսել է Բայրաքթարներ մատակարարել Կիևին, խոսք է գնում մոտակա ժամանակներս Թուրքիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին:
Այսպիսով, «բրիտանական առյուծը» հենվելով Մոսկվայի հետ պատմականորեն բարդ հարաբերություններ ունեցող և ՌԴ-ին սահմանակցող երկրների վրա, փորձում է զսպել «ռուսական արջին»՝այդ կերպ դարեր շարունակ Բրիտանական և Ռուսական կայսրությունների միջև ընթացող «Մեծ խաղը» թևակոխում է նոր փուլ:
Արտյոմ Բալասանով




















