Ջիգանը կրшկել է տան աշխատակցի ուղղությամբ. Газета.ru

Ջիգանը կրակել է տան աշխատակցի ուղղությամբ, այս մասին հայտնում է Газета.ru-ն։
Լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել ռեփեր Ջիգանի՝ Մոսկվայի մարզում գտնվող առանձնատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսին՝ «Շատո Սևերեն» քոթեջային ավանում։
Ջիգանը, որի իրական անունը Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյնն է, մոտ 10 ժամ պահել է տան սպասարկող անձնակազմին և անվտանգության աշխատակիցներին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ռեփերը զինված է եղել և աշխատակիցներին մեղադրել տարբեր հանցագործությունների մեջ։ Газета.ru-ի փոխանցմամբ՝ նա անվտանգության աշխատակիցներից մեկին մեղադրել է մանկապղծության մեջ, այնուհետև կրակել նրա ուղղությամբ։ Տղամարդը, ըստ հրապարակման, վիրավորվել է ձեռքի և ոտքի հատվածներում։
Մյուս աշխատակիցներին Ջիգանը մեղադրել է դավաճանության, տեղեկատվություն փոխանցելու և ազգայնականության մեջ։ Կրակոցների ձայները լսելուց հետո հարևանները ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր են ժամանել նաև արտիստի ընկերները։ Անվտանգության աշխատակիցները, ըստ հրապարակման, առանց զենքի ներս մտնել չեն համարձակվել։ Ի վերջո Ջիգանին կարողացել են վնասազերծել։
Միջադեպից տուժած աշխատակիցները ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։ Դեպքի ընթացքում տանը, ըստ ռուսական լրատվամիջոցների, եղել են նաև Ջիգանի երեխաները։ Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, թաքնվել են պահարաններում։
Լրագրող Քսենիա Սոբչակի փոխանցմամբ՝ ավագ դուստրը՝ Արիելլան, այդ պահին կապի մեջ է եղել մոր՝ Օքսանա Սամոյլովայի հետ, որը տանը չի եղել։
«Նա փակել է մեզ։ Մա՛մ, խնդրում եմ, խնդրում եմ, որ ինչ-որ մեկը գա։ Ես քեզ շատ-շատ եմ սիրում։ Նա գալիս է մեզ վրա կրակելու»,-աղջկա խոսքերը մեջբերել է Սոբչակը։
Ռեփերի ընտանիքի նախկին աշխատակիցներից մեկը ևս պատմել է, որ Ջիգանը հաճախ բարկացել է տան աշխատակիցների վրա, վիրավորել նրանց և հանկարծակի ազատել աշխատանքից։ Նման իրավիճակում, ըստ հրապարակման, հայտնվել է նաև նրա երեխաների սիրելի դայակը։ Վերջին ամիսներին իրավիճակը, աշխատակիցների խոսքով, ավելի է սրվել, և Ջիգանը որոշ աշխատակիցների նկատմամբ նաև սպանության սպառնալիքներ է հնչեցրել։




















