Հանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանը

ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են արձանագրվել Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Եղեգնաձոր-Գետափ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված պահունակ և 3 նռնակ՝ պայթուցիչներով։
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գետափ գյուղի 36-ամյա բնակիչը վարչություն է ներկայացրել «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Հանգուցյալ պապի «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացանն է վարչությունում կամավոր հանձնել նաև Արտաբույնք գյուղի 31-ամյա բնակիչը։




















