top of page

Կամերային երաժշտության դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 2 min read

Արդեն երկրորդ տարին է՝ Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 - 8-ը:  Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի ղեկավարությամբ: Պրոֆեսորն անհատական պարապմունքներ կվարի նախորդ տարի ձևավորված և նոր կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել են մասնակցության համար: Այս տարի դպրոցում ներգրավված են նաև արտասահմանցի երաժիշտներ: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներից, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներից: Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացներն անվճար են:

Մայիսի 9-ի գալա-համերգին պրոֆեսոր Կրասոտինան նույնպես ելույթ կունենա՝ հանդես գալով սաների հետ անսամբլների կազմում: Ութ տարբեր անսամբլներ, որոնց կազմում կան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ ֆլեյտա, կլառնետ, ջութակ, դաշնամուր, թավջութակ և դասական կիթառ, կկատարեն Մոցարտի, Խաչտրյանի, Գրիգի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Համերգը կտեսագրվի և անվճար կտրամադրվի բոլոր մասնակիցներին իրենց անձնական օգտագործման համար:

Նախորդ տարիների ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ի արդունքներն ափոփելիս պրոֆեսոր Կրասոտինան նշել է.  ‹‹Ես ապշած եմ հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ, կարճ ժամանակում նրանց ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ: Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով: Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չընտրած երաժիշտներին  մնալ բեմի վրա և բարեհաջող շարունակել իրենց երաժշտական գործունեությունը››:

Նախորդ տարիներին պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են մասնակցել  ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ներին, նրանք իրենց գնահատանքն էին արտահայտում բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Մասնակիցները նաև բարձր էին գնահատում պրոֆեսորի մարդկային առաքինի որակները և այն, որ տիկին Կրասոտինան միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի համերգին հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

Այս ընթացքում, Primavera foundation of Armenia-ի ջանքերով, լույս ընծայման է պատրաստվում Իրինա Կրասոտինայի հեղինակած կամերային անսամբլի մասին մեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը:

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  ‹‹Կամերային երաժշտություն›› բաժնի  ղեկավար:

bottom of page