top of page

Սերը զոհաբերություն է. ընտանիքը պահանջում է կենսակերպի փոփոխություններ զույգերից յուրաքանչյուրի համար. Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 2 min read

Ի՞նչ դեր ունի Պսակադրության խորհուրդը. ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:Անբաժանելի միասնությունը

-Պսակադրությունը երկու տարբեր անհատների միավորման խորհուրդն է: Երկու անհատ միավորվում են՝ դառնալով անբաժանելի միասնություն, և այդ միասնությունն Աստված պսակում է Իր օրհնությամբ: Մեր օրերում այս խորհրդին հաճախ մոտենում են ավանդույթի ուժով և ոչ գիտակցված: Անհատները միավորվելուց առաջ պետք է հասկանան, որ իրենց միությունն անբաժանելի է: 

«Մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկոս 10:9):

Միասին երջանկություն կառուցելու ճանապարհը

-Եդեմական պարտեզում Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց ու նրան բերեց Ադամի մոտ՝ որպես ընկեր, օգնական: Պսակադրվելիս հարսի և փեսայի ձեռքերը միանում են, որ իրար հետ կառուցեն երջանկության ճանապարհը: Պսակադրության խորհրդով երկուսը դառնում են մեկ: Երբեմն զույգերը բաժանվում են, որովհետև իրենց միության մեջ են փորձում տեղավորել նաև այլ մարդկանց: Ամեն մեկն իր ուրույն տեղն ունի մեր կյանքում, բայց պսակադրված կինը և տղամարդն անբաժանելի են, մեկը մյուսի շարունակությունը:

«Տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Ծնունդ 2:24):

«Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, Որովհետև թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը» (Սաղմոս 44:11-12):

Սիրելու և զոհաբերության պատրաստ լինելու մասին

-Սերը զոհաբերություն է: Հարցն այն է. պատրա՞ստ ես սիրելիիդ հետ պատերազմ գնալ, կվստահե՞ս նրան, նրա հետ կքայլես նեղությունների միջով: Իրար հետ լինելու ապրումը ծնունդ է տալիս սիրուն: Առհասարակ, ընտանիքը պահանջում է կենսակերպի փոփոխություններ զույգերից յուրաքանչյուրի համար։ Ընտանիքի լուծը պետք է տանեն տղամարդը և կինը միասին: Տղամարդուն է տրված տիրություն անելու, պատասխանատվությունն իր վրա վերցնելու գործառույթը: Կինը ևս մեծ դեր ունի ընտանիքում: Հայոց մայրերի գրկում մեծանում է մեր ապագան և իմաստուն է այն կինը, որը կարողանում է խոնարհ և հնազանդ լինել: 

Նրանց մասին, ովքեր խնդիր ունեն

-Յուրաքանչյուր ընտանիք, որը կանգնած է խնդրի առջև, նախ պետք է պատրաստ լինի լսելու:

bottom of page