top of page

ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայում 2022 թվականի հուլիսի 1-ի հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որոնցում գլխավորը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ամենասեղմ ժամկետում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովելն էր։



Պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ-թուրքական սահմանին անցակետի կառուցմանը, կարծես թե այդ որոշման իրագործմանը միայն անցակետի բացակայությունն էր խանգարելու։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետը պատրաստ է շահագործման։ Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ անցակետի շինարարությունն ընթանում է ինտենսիվ՝ շինարարներն աշխատում են նույնիսկ կիրակի օրերին՝ առանց դադարի։

Ի դեպ, այդ ծրագիրը ՀՀ հարկատուների համար մեկ միլիարդ ՀՀ դրամ արժեցավ, իսկ իշխանությունների փափագած հայ-թուրքական սահմանի բացումն այդպես էլ չկայացավ, չնայած այդ պայմանավորվածությունից երկու տարուց ավելի է անցել։ Այս ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետ, նախարարներ, ՊԵԿ նախագահ, պարբերաբար եվրոպաներից եկած հյուրերին տանում են Մարգարա` անցակետը ցուցադրելու, կարծես այն մշակութային օբյեկտ կամ տեսարժան վայր լինի:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հուլիսի 26-ին մեծ շքախմբով մեկնեց Մարգարա, որտեղ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հերթով ներկայացնում էր, թե, այսպես կոչված, երրորդ երկրների քաղաքացիներն ինչպես են անցնելու անցակետով, որտեղ են նրանց փաստաթղթերը ստուգվելու եւ այլն։ Թվում է, թե արդեն ուր որ է՝ սահմանը պետք է բացվի, դրա համար է իշխանության առաջին դեմքը գնացել, որ ստուգի վերջին նյուանսները, բայց, ավաղ․․․ այն դեռ փակ է։


Փաշինյանից հետո ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ Մարգարայի հայ-թուրքական սահմանի անցակետ այցելեցին նաեւ Եվրամիության երկրների դեսպանները, որոնք իրենց գոհունակությունն են հայտնել անցակետում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսում է նախապայմաններով, որ դա կլինի միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, իսկ Փաշինյանն ու իր կառավարությունն անդադար հույս են փայփայում, որ հիմա-հիմա կբացվի սահմանը, նույնիսկ ԵՄ դեսպաններին են կանչում ու ցուցադրում իրենց կատարած աշխատանքները։ Սակայն ուշագրավ է, որ թուրքական կողմը նույն շտապողականությունը չի դրսեւորել՝ թուրքական հատվածում անցակետի կառուցման հետ կապված։ Ճիշտ է, մինչեւ ՀՀ սահման ճանապարհը բարեկարգել են, սակայն Հայաստանի իշխանությունների պես հսկայական շինություններ կամ անցակետ չեն կառուցել։


Այս իշխանությունների համար յուրօրինակ ծիսակարգ է դարձել Մարգարայի անցակետ այցելելն ու այն հյուրերին ցուցադրելը։ Շատ նման է հայ-թուրքական հարաբերություններին, երբ հայկական կողմը գլխապատառ շտապում է թուրքական կողմին իրենց պահանջածից ավելին զիջել, իսկ թուրքական կողմը քամահրական քմծիծաղով նայում է Հայաստանի իշխանությունների այդ խղճուկ փորձերին։

«Հրապարակը» կապ հաստատեց Մարգարայի վարչական ղեկավար Էդգար Ենոքյանի հետ, սակայն նա, լսելով «անցակետ» բառը, շտապեց հայտարարել․ «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մեծ շուքով սահման, նախ, չի բացվել»։ Այնինչ մենք սահմանի բացման մասին չէինք էլ հարցրել, պարզապես «անցակետ» բառից ոմանք շանթահարվում են, որովհետեւ գիտեն, թե դա ինչ փուչիկ է եւ քարոզչական հնարք։ Ապա Մարգարայի վարչական ղեկավարը, որ անցյալում այս թեմայով խոսել էր, շտապ-շտապ հայտարարեց․ «Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ես ո՛չ շինարար եմ, ես վարչական ղեկավարն եմ Մարգարա համայնքի»։ Մեր հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ իր վարչական շրջանի տարածքում գտնվող անցակետի վիճակի մասին ինքը որեւէ բանից տեղյակ չէ, հայտարարեց․ «Ես նման հարցերի չեմ կարող պատասխանել», ու անջատեց հեռախոսը։


Մարգարայի բնակիչներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել՝ համագյուղացիների հետ խնդիրներ չունենալու համար, ասաց, որ գյուղում բնակչության մեծամասնությունն անհամբեր սահմանի բացմանն է սպասում։ «Ես, կարելի է ասել, եզակիներից եմ, որ դեմ եմ սահմանի բացմանը ու այդ պատճառով շատ լարված հարաբերությունների մեջ եմ համագյուղացիներիս հետ։ Մեծամասնությունն անհամբերությամբ սպասում է սահմանի բացմանը ու պատրաստ է տներն էլ վաճառել՝ լավ շահույթ ստանալու հույսով։ Աստված չանի՝ այդ սահմանը բացվի, հուսամ՝ երբեք չի բացվի»,- ասաց Մարգարայի բնակիչը։

 




© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

1/1977
bottom of page