top of page

Գյումրիում նոր տոնածառը կա, բայց նախընտրել են տեղադրել հինը. ՔՊ պատգամավորը ռիսկեր է տեսնում, քաղաքապետարանից «տխուր ժառանգության» մասին են հիշեցնում

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 2 min read

ree

Գյումրու քաղաքային իշխանությունները որոշել են նախորդ տարի կառավարության կողմից նվեր ստացած գլխավոր տոնածառի փոխարեն տեղադրել հին տոնածառը։ Հինը վերանորոգելու և նոր զարդարանքներ ձեռք բերելու համար ավագանին նախատեսում է նիստ գումարել՝ համայնքային բյուջեից 24 մլն դրամ հատկացնելու նպատակով։ Այս մասին ասաց ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Պատգամավորի համար առնվազն տարօրինակ է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նոր, ժամանակակից և փայլուն տեսք ունեցող տոնածառը փոխարինում հնով։ Նրա խոսքով՝ նախագիծը դեռևս ավագանու հաստատման փուլում է, նիստը կկայանա վաղը, սակայն Գյումրիի հրապարակում հին տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։

«Բացի այդ, հարց է առաջանում՝ ինչպես են վերանորոգելու, եթե արդեն տեղադրում են։ Կան հստակ ռիսկեր, քանի որ դեռևս պարզ չէ՝ ավագանին կհաստատի նախագիծը, թե ոչ, բայց աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Սա փաստ է, իսկ թե ինչ են անելու հետո, կտեսնենք»,- ասաց նա։

Սարուխանյանի խոսքով՝ ճշտելու կարիք կա, արդյոք այդ ծախսերը նպատակահարմար են։ «Հին տոնածառի մասին բազմիցս նշվել է, որ այն փաստացի մետաղաջարդոն է, և հարց է՝ հնարավո՞ր է այն վերածել նոր տոնածառի։ Բացի այդ, վերանորոգման համար նախատեսված գումարը քիչ չէ։ Նախորդ տարի մենք կառավարության հատկացմամբ նոր տոնածառ գնեցինք՝ մոտ 15 մլն դրամ արժողությամբ, իսկ հիմա 24 մլն դրամ է նախատեսվում հինը վերանորոգելու համար։ Չգիտեմ, հուսով եմ՝ մասնագետները գնահատական կտան»,-նշեց նա։

Մեկնաբանելով այն դիտարկումը, թե գուցե անցած տարվա տոնածառը պակաս շքեղ էր, պատգամավորը արձագանքեց․ «Ճաշակի մասին չեն վիճում։ Իմ հրապարակային դիրքորոշման տակ մեծամասնությունը գրում է, որ նախընտրում է նոր տոնածառը․ այն գեղեցիկ էր, նորաոճ, շքեղ՝ իր զարդարանքներով։ Մնացածը կտեսնենք»։

Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծի մանրամասներին տեղյակ չի և չի կարող ասել՝ ինչու են նախընտրել հինը վերանորոգել՝ նորը օգտագործելու փոխարեն, սակայն ենթադրում է, որ որոշ պատճառներ եղել են։

«Անկեղծ ասած՝ մանրամասներին չեմ տիրապետում։ Մենք շատ տխուր ժառանգություն ենք ստացել տարբեր մարդկանցից, գուցե դա է պատճառը, որ եկել ենք, տեսել ենք այլ իրականություն և նման որոշում է կայացվել»,- նշեց նա։

Աղեկյանը հավելեց, որ ինչ որոշում էլ կայացնի ավագանին, քաղաքը տոնածառի խնդիր չունի։ «Տոնածառը հավաքվում է, իսկ քաղաքն ակտիվ տոնական տեսք կստանա դեկտեմբերի 7-ից հետո՝ հասկանալի հանգամանքներից ելնելով»,– ասաց նա՝ հորդորելով դիմել նախագծին պատասխանատուներին։ Սակայն մեր զանգերին քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնայններից ոչ ոք չպատասխանեց։


1/2435
bottom of page