Նոր Նորքում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Օրերս Նոր Նորքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության և խոիլիգանության հատկանիշներով։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։
Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։ Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։




















