Գուցե սա՞ էր Փաշինյանի ուզածը․․․
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, դատապարտել Մինսկի խմբի մասին Ալիևի քամահրական հայտարարությունը, միևնույն ժամանակ մեղադրել Հայաստանի ղեկավարությանը և միջազգային կազմակերպություններին Ալիևին համարժեք չարձագանքելու համար, ինչը, ըստ նրանց՝ «սխալ ազդանշան է դարձել հարևան երկրի ղեկավարի համար, որը հիմա էլ հավակնում է սահմանափակել Մինսկի խմբի գործունեությունը»։
Իհարկե, Արցախի խորհրդարանական խմբակցություններն ավելի ազատ են իրենց դիրքորոշումների մեջ, որովհետև բանակցային գործընթացի մասնակից չեն ու, ցավոք, ԼՂՀ սուբեկտությունն այնքան սահամանփակված է, որ Ստեփանակերտից հնչող հայտարարությունները սահմանափակ ազդեցություն ունեն ռեալ պոլիտիկի տեսանկյունից։ Մյուս կողմից, հիշյալ հայտարարությամբ՝ Հայաստանի ղեկավարությունը նույնացվում է միջազգային կազմակերպությունների հետ ու քննադատվում նույն հարթության վրա, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև գոյություն ունի կամ առնվազն՝ սաղմնավորվում է վտանգավոր ինստիտուցիոնալ խզում։ Այս գործընթացի մեկնարկը տրվեց Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարվա վերջին անցկացրած ֆեյսբուքյան ասուլիսով, որտեղ նա, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի հայկականությունը՝ գեներացնելով Բաքվի պաշտոնական թեզերը։
Սակայն սա այսբերգի տեսանելի մասն էր, իսկ խորքում Փաշինյանը գեներացնում էր ավելի վտանգավոր մի գործընթաց՝ նա փորձում էր Սամվել Բաբայանի միջոցով Արցախում գեներացնել իշխանափոխություն կամ ավելի շուտ հեղաշրջում, որի հետևանքով ԼՂՀ իշխանություններն, ըստ էության, կկորցնեին լեգիտիմությունը։ Այս պլանը ձախողվեց, սակայն Փաշինյանը հնարավորություն ստացավ «ձեռքերը լվանալ» Արցախից՝ իր հայտարարություններին համարժեք ու կանխատեսելի արձագանք ստանալով Ստեփանակերտից։ Գուցե սա՞ էր Փաշինյանի ուզածը․․․
Վահրամ Բագրատյան




















