Բոլոր զինծառայողների մարմինները գտնվել են. նոր մանրամասներ Սև ծովում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ղազախստանում ավարտվել է Կասպից ծովի ակվատորիայում իրականացվող որոնողափրկարարական գործողությունը, հայտնաբերվել են բոլոր 14 զոհված զինծառայողների մարմինները: Այս մասին հայտնվում է հանրապետության պաշտպանության նախարարության Տելեգրամ-ալիքում:
Սեպտեմբերի 25-ի առավոտյան, ժամը 09:15-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով՝ 11:15) փրկարարները գտել են ևս երկու զինծառայողի մարմին, որոնք նախկինում համարվում էին անհետ կորած:
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: Ղազախստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ եղանակի հանկարծակի վատթարացման պատճառով 17 զինծառայողի քշել է ծովը: Սեպտեմբերի 25-ին հայտնաբերված մարմինների հաշվառմամբ՝ ընդհանուր առմամբ զոհվել է 14 մարդ: Երեքին հաջողվել է փրկել:
Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ: Ղազախստանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ արդեն պարզվել են այն պաշտոնատար անձինք, ովքեր կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև անձնակազմի անվտանգությունը չապահովելու և փրկարարական աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու մեջ:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է նյութական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեպտեմբերի 25-ը հանրապետությունում հայտարարվել է համազգային սգո օր: Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին նախօրեին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը:




















