top of page

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևի, Դնեպրի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա․ երեք մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

12 minutes ago
2 min read

Սեպտեմբերի 22-ի լույս գիշերը ռուսական զինուժը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևի Դնեպրովսկի շրջանում հարվածի է ենթարկվել հինգհարկանի մի բնակելի շենք։ Շենքի առաջին հարկը մասամբ ավերվել է, իսկ նկուղում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ Շենքի ևս 15 բնակիչ տարհանվել է։ ԱԹՍ-ի թիրախում է հայտնվել նաև Կիևի Հոլոսեևսկի շրջանում գտնվող պահեստներից մեկը։

Դնիպրոպետրովսկի մարզում բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Դնեպր, Կրիվոյ Ռոգ և Պավլոգրադ քաղաքներին։ Նահանգային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Դնիպրում պահեստների և մեկ արդյունաբերական ձեռնարկության թիրախավորման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ ևս վեց մարդ։ Գանժան ընդգծել է, որ ավերված շինությունների փլատակների տակ հնարավոր է մարդիկ լինեն։ Հարվածների են ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգի և Պավլոգրադի որոշ ձեռնարկություններ։ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի փոխանցմամբ՝ բալիստիկ հրթիռներով հարվածելուց հետո ռուսական զինուժը նույն թիրախների ուղղությամբ արձակել է նաև թևավոր հրթիռներ։ Այս դեպքում զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։

Ուկրաինայի ԶՈւ Ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերն Ուկրաինայի օդային տարածքում խոցել են ընդհանուր առմամբ 186 թիրախ, այդ թվում՝ 177 դրոն, ութ ռեակտիվ անօդաչու և մեկ թևավոր հրթիռ։ Ընդ որում, ռուսական բանակն արձակել էր 220 դրոն, չորս «Կալիբր» թևավոր հրթիռ, «Onyx» հականավային հրթիռներ և «Իսկանդեր-Մ/Ս-400/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներ։ Ըստ ուկրաինական ռազմաօդային ուժերի՝ հրթիռների ու հարվածային դրոնների ուղիղ հարվածներ են գրանցվել 22 վայրում, իսկ բեկորների անկում՝ 4-ում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Ուկրաինային հասցված զանգվածային հարվածի ընթացքում խոցվել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ, վառելիքաէներգետիկ ու ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներ, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքներ՝ Կիևում, Դնիպրոպետրովսկի, Պոլտավայի և Օդեսայի մարզերում։ Նշվում է նաև «Ուկրաինայի ԶՈւ շահերի համար կիրառվող ծովային նավերի» խոցման մասին։ Այլ մանրամասներ ռուսական ռազմական գերատեսչությունը չի հաղորդել։

1/2908
bottom of page