Ավելի քան 1 միլիարդ դրամ. Անկախության 35-ամյակի ծախսերն ու սպասվող միջոցառումները

ՀՀ Անկախության 35-ամյակի միջոցառումներն այս տարի արժեցել են 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար 500 դրամ կամ շուրջ 3 միլիոն 650 հազար դոլար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։
Ընկերությունը, որին տրամադրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումարը, հաճախ է մասնակցում պետական գնումների ընթացակարգերին։ ՍՊԸ-ն պատկանում է Վազգեն Պողոսյանին և նրա կնոջը՝ Մարինե Ստեփանյանին, հիմնադրվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այս ընկերության մատուցած ծառայություններից հիմնականում օգտվում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությունը, Հանրային հեռուստաընկերությունը։
Ի դեպ, Պողոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, իսկ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ազատվել էր աշխատանքից։
Ընկերության հետ 2023-ին առանց մրցույթի 6 պայմանագիր էր կնքվել, և ընկերությունը ստացել էր խոշոր չափի գումարներ։ Վերջին ամենախոշոր պայմանագիրը ընկերության հետ կնքվել է Վարդավառի տոնը կազմակերպելու համար, ինչի մասին ավելի վաղ հայտնել էինք ու նշել, որ տրամադրվել էր շուրջ 200 միլիոն դրամ։
Հանրապետության հրապարակում կազմակերպված բացօթյա համերգը բաղկացած է լինելու 2 մասից՝ պատմամշակութային ներկայացում և համերգային ծրագիր։ Ներկայացման հիմքում դրված է «Հազարն բլբուլի» կոնցեպտը։
Կնքված պայմանագրում նշված է, որ սպասվում են «աննախադեպ» շոուներ, սակայն ինչում է կայանում աննախադեպությունը՝ դժվար է պատկերացնել։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում են միջոցառման կոնցեպտին համապատասխան աննախադեպ պրոեկցիաներ, 800 դրոններով՝ աննախադեպ շոու։ Դատելով փորձերից՝ առատորեն կիրառվել են ադրբեջանական դրոշի գույներ։
Միջոցառման ժամանակ ելույթ են ունենալու Արամ ՄРЗ-ն, Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը, Սարո Թովմասյանը, ամերիկաբնակ Արման Հովհաննիսյանը, Ռոլանդ Գասպարյանը։
Անկախության 35-ամյակի միջոցառումները, սակայն, միայն մայրաքաղաք Երևանում չեն նախատեսված։ Վանաձորում, Կապանում, Գյումրիում և Իջևանում ևս նախատեսված են միջոցառումներ, սակայն տրամադրված բյուջեի մեծ մասը ծախսվել է երևանյան միջոցառումների համար։




















