Google-ը տուգանվել է ավելի քան 400 միլիոն եվրոյով

Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը 403 միլիոն եվրոյի տուգանք է նշանակել Google որոնողական համակարգին՝ եվրոպական օրենսդրության խախտման համար:
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան տուգանվել է Google ծառայությունից օգտվողների տեղադրության վերաբերյալ տվյալների մշակման ընթացքում տվյալների պաշտպանության եվրոպական օրենքները խախտելու պատճառով, հայտնում է Tagesschau-ն:
Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովի (DPC) փոխտնօրեն Գրեհեմ Դոյլը պարզաբանել է, որ եվրոպացի օգտատերերը հնարավոր է տեղյակ չեն եղել, թե ինչպես է Google իրենց տեղադրության տվյալներն օգտագործում թիրախային գովազդի կամ ալգորիթմները կոնկրետ նախասիրություններին հարմարեցնելու նպատակով: Դոյլի համաձայն՝ գաղտնիության այս խախտումներն ավելի էին խորանում տեղադրության տվյալները «անհրաժեշտից ավելի երկար» պահելու Google քաղաքականության պատճառով:
Հանձնաժողովի վճռով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկան ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) խախտել է 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի փետրվարն ընկած հատվածում: DPC-ն պահանջել է, որ ընկերությունը վեց ամսվա ընթացքում իր գործունեությունը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին:
Սա DPC-ի կողմից Google դեմ սահմանված չորրորդ խոշոր տուգանքն է, ընդ որում՝ ներկայումս ընկերության նկատմամբ ընթացքի մեջ է ևս երեք հետաքննություն:




















