top of page

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 16, 2024
  • 2 min read
ree

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու նրա խմբակիցները դիվոտում են, երբ 2020-ի եռակողմ հայտարարությունն ընդդիմության կողմից բնորոշվում է որպես կապիտուլյացիա: Բայց դրանց դիվահարվելու արդյունքում կապիտուլյացիան, բնականաբար, չի դադարում լինել այդպիսին: Հիմնավորենք. եթե կապիտուլյացիա չէր, ապա ինչո՞ւ հայկական զինուժը չմնաց զինադադարի հաստատման պահի դիրքերում, ինչպես նշված էր հայտարարության մեջ, կամ՝ ինչպես տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմից հետո: Դա՝ մեկ: Եվ երկրորդ. եթե կապիտուլյացիա չէր, ապա այդ ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ էին, որոնց արդյունքում վարչապետի աթոռից կառչած անձն աստիճանաբար հանձնում էր տարածքներ, որոնք արձանագրված չէին հայտարարության մեջ: Հատկապես, ասենք, Երեւան-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը: Եվ երրորդ. եթե կապիտուլյացիա չէր, ապա ի՞նչ իրավունքով է թշնամի երկրի բռնապետն իր մեծ քիթը խոթում այնտեղ, որտեղ դրան չեն «սպասում»: Օրինակ՝ նրա ի՞նչ գործն է Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելը կամ եվրոպական դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանի տարածքում: 



Ի դեպ, ասեմ, որ եռակողմ հայտարարությունն անվերապահ կապիտուլյացիայի ակտ չդարձավ հենց ՌԴ նախագահի շնորհիվ: Եթե նրա մասնակցությունը չլիներ, ապա արցախցիները ստիպված կլինեին լքել իրենց բնակավայրերը հենց խայտառակ պարտությունից անմիջապես հետո, որովհետեւ այդպիսին էր արեւմտյան պետությունների ղեկավարության եւ նրանց դրածո՝  ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մտադրությունը, ինչի վկայությունն Արցախը որպես բեռ ներկայացնելն էր թե՛ 2008 թվականի նրա գրվածքում եւ թե՛ պարտությունից հետո: Եվ թշնամի երկրի բռնապետն էլ ստիպված չէր լինի պատերազմի ավարտից երեք տարի անց կազմակերպել երկրամասի շրջափակումը, իսկ այնուհետեւ՝ ռազմական ուժի օգտագործմամբ՝ էթնիկ զտումը: 


Սակայն քանի որ 2018-ի ապրիլ-մայիսին «դուխով» ինքնահորջորջված Նիկոլը հրաժարվեց լքել վարչապետի պաշտոնը, նրա երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերը» փորձում է 44-օրյա պատերազմում Հայաստանի խայտառակ պարտությունն աստիճանաբար վերածել անվերապահ կապիտուլյացիայի: Եթե այդ անձը նման մտադրություն չունենար, ապա ինչո՞ւ պետք է 2022 թվականի հոկտեմբերին, իր ասելով, Պրահայում Եվրամիության ղեկավարությունը բանակցեր իր հետ եւ համաձայնություն ստանար՝ երկամսյա ժամկետով առաքելություն տեղակայելու Հայաստանի տարածքում: Դա նրա ի՞նչ գործն էր: Թե՞ հեռադիտակով «զինված», սահմանափակ թվով պաշտոնաթող սպաների առկայությունն իրականում անվտանգային սպառնալիքներ էր ստեղծելու Ադրբեջանի համար:


Ի դեպ, երբ առաջին անգամ երկարաձգվել էր եվրոպական դիտորդական առաքելության մանդատը, արեւելյան այդ բռնապետին բանի տեղ չէին դրել: Սակայն նա դրանից կատաղել ու եվրոպացիներին ստիպել էր հաշվի նստել իր հետ: Համենայնդեպս կրկին, ըստ իր ասածի, մանդատը երկրորդ անգամ երկարաձգելու համար, ինչի մասին արդեն հայտարարվել էր, ստիպված են բանակցել նրա հետ: Այդ ամենը հենց կապիտուլյացիոն գործընթացն անվերապահի վերածելու դրվագներ են, որովհետեւ սովորական, ոչ անվերապահ կապիտուլյացիայի դեպքում պայմանները նախօրոք արձանագրվում են թղթի վրա ու պահպանվում: Այդ պայմաններից դուրս գործընթացներին պատերազմում հաղթած կողմը չի խառնվում: Բայց քանի որ մեր պարագայում այդ պայմանն անընդհատ խախտվում է, ապա դա վկայում է դեպի անվերապահ կապիտուլյացիա տանող գործընթացի մասին, ինչից կարող ենք խուսափել, եթե կարողանանք ՀՀ վարչապետի պաշտոնն ազատել այն զբաղեցնող անձից: Այլ տարբերակ գոյություն չունի: Եվ դա պետք է կատարվի «հանուն մեր նահատակ հերոսների» (Սրբազան պայքարի կոչը), ինչպես նաեւ՝ հանուն հետագա սերունդների:



1/2436
bottom of page