top of page

2026-ԻՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ

  • Writer: Ani
    Ani
  • Jan 2
  • 2 min read

2025 թվականին իշխանության ղեկին մնալու Փաշինյանի շանսերն իշխանազավթումից այսկողմ ամենացածրն են: Հնարավոր է չհամաձայնեք այս մտքին և պնդեք հակառակը, մատնացույց անեք 2021 թվականը, երբ Փաշինյանի ապագան մազից էր կախված, բայց պետք է հաշվի առնել, որ 44-օրյա պատերազմից հետո բարոյահոգեբանական անկումի մեջ հայտնված ժողովուրդը ոչ միայն պատրաստ չէր ճիշտ ընտրություն կատարել, այլև, առհասարակ, ընտրություն կատարել: Հայրենիքի փրկության շարժումը հսկայական դերակատարություն ունեցավ ժողովրդին այսպես ասած՝ ֆոկուսի բերելու հարցում, բայց զգոն էր նաև Փաշինյանին իշխանության բերած և նրա ձեռքով Արցախը կործանած ուժը:



Այսօր, սական, երբ կործանված է Արցախը, և Հայաստանն ունի զգալի տարածքային կորուստներ ու խայտառակ հարաբերություններ բոլորի հետ, Փաշինյանի իշխանությունն ամենից շատ պետք է Ադրբեջանին և Թուրքիային, որոնք ցանկանում են վերջնականապես ոչնչացնել Հայաստանը: Այ սա արդեն ձեռնտու չէ Փաշինյանի ձեռքով Արցախը կործանած ուժերին, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված նրանք իրենց ուրույն ծրագրերն ունեն, կարմիր գծերը, որոնք Ադրբեջանը և Թուրքիան իրավունք չունեն խախտելու, նրանց, պարզապես, ոչ ոք թույլ չի տա դա անել: Մեկն այդ կարմիր գծերից՝ Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի մեկ պետություն դառնալն է իր հնարավոր հետևանքներով ոչ միայն քրիստոնյա ազգերի համար, այլև մի հսկայական տարածաշրջանի, որ բոլոր հնարավորություններն ունի դառնալու աշխարհում թիվ մեկ թելադրող թե ընդերքի, թե մարդկային ռեսուրսի տեսանկյունից: 2025-ին Թուրքիան զբաղված կլինի Սիրիայով ու քրդական հարցով, իսկ Ադրբեջանը՝ խճճված Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները վերջնական տեսքի բերելու խնդիրների մեջ: Նիկոլի իշխանության պահպանումը և երկարաձգումը կդադարի ակտուալ լինել հիմնական խաղացողների, որոշ չափով նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: Ասել է թե՝ 2025-ին Նիկոլով հիմնավորապես զբաղվելու շանս ունենք, և պետք է ամեն ինչ անել նրանից ազատվելու համար: Այսօրվանից իշխանության ղեկին մնալու Փաշինյանի ամեն մեկ օրը մեր ամոթն է, մեր անճարակությունը, եթե կուզեք՝ մեր դավաճանությունը:


Հայաստանում իշխանությունն այլևս ընկած է փողոցում: Ոչ կառավարություն գոյություն ունի, ոչ օրենսդիր, և ոչ էլ դատական իշխանություն: Ադեկվատության ոչ մի նշան՝ վարչապետից սկսած և համատիրության նախագահով վերջացրած: Թալանն սկսված է, երկրի հարստությունը դուրս տանելու բոլոր ճանապարհները՝ բացված: Չկա՞նք Նիկոլի չափ, որ գնանք և վերցնենք փողոցում ընկած իշխանությունը, կասեցնենք այս սպառնալից մայրամուտը:


Տեր-Պետրոսյանն ասում է՝ նախկիններին թող չթվա, թե իշխանությունն ստանձնելուց հետո կկարողանան ամեն ինչ հեշտությամբ շտկել: Բնականաբար, դժվար է լինելու շտկել ու վերականգնել Նիկոլի քանդածը, բայց դա անհնար չէ ու ոչ էլ պարտադիր, որ հենց նախկիններն անեն դա: Ժողովուրդն, ի վերջո, միայն նախկիններից ու նիկոլականներից չի բաղկացած: Հայության մտածող հատվածում հենց այսօր էլ կա այն մարդը, որ կարող է կանգնել ու ասել՝ վերջ, վերջ թաթալաբազությանն ու շոուներին, վերջ խեղկատակությանը, վերջ թալանին, վերջ անիրավությանը, ոչ դավաճանությանը: Այսօր էլ մեզանում կա այն մարդը, որ կարող է Դավթի պես վերցնել մի անտաշ քար, դնել կիսաքանդ պատին ու որոտալ՝ վերջ, սա էսպես տի շինվի…


Չե՞ք հավատում: Իսկ դուք ինչի՞ն եք հավատում, առհասարակ: Հավատում եք, որ կկարողանաք ևս մեկ տարի՞ գլորել, քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը զբաղված կլինեն իրենց խնդիրներով: Բայց դա կարող է երկար չտևել և այդ երկրները ևս մեկ բարեպատեհ առիթ ստանան մեզ ոչնչացնելու համար: Դրանից հետո՞ ինչին եք հավատալու, 21-րդ դարում սփյուռքահայ դարձած հայեր ջան: Ձեզ թողնեմ՝ ինձնից ավելի լավ կխոսեք ամոթի, խայտառակության, հայրենազրկումի, ցավալի պարտությունների կործանարար հետևանքների մասին: Ես ասում եմ՝ այդ ամենից կարելի է և պետք է խուսափել: 2026-ին կարող է ուշ լինել: Դա պետք է անել 2025-ին, այսօր, հիմա, երբ Հայաստանում իշխանությունն ընկած է փողոցում, երբ այն բարձրացնող է պետք, մի հայ մարդ՝ այս բառի ամենանեղ և ամենալայն իմաստով:

 



1/2077
bottom of page