ՈՎ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍ՝ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ, ԹԵ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ
- Ani

- Oct 18, 2024
- 2 min read

«Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Սրբազան պայքարի» առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը լրագրողների հետ շփվելիս անդրադարձել է այն հարցին, թե շարժման չհաջողելու հարցում մեղավո՞ր են արդյոք նախկինները։ «Որևէ մեկը չի խանգարում։ Խանգարում է մեկ բան, որ մեր այս ամբողջ ժամանակահատվածում նախ ամբողջ հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության: Ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը, միջավայրը ստեղծում են իշխանությունները, որպեսզի կառավարելի դարձնեն։ Մենք պետք է հասնենք սրա հակառակին»։ Նաեւ հավելել է, որ վարչակարգի սյուները երկուսն են՝ փող և իշխանություն, իշխանություն՝ հաճույքներով պայմանավորված։ Բագրատ սրբազանն, ըստ էության, պատասխանել է Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, ով շարժման անհաջողության մեղավոր էր հայտարարել «նախկիններին», եւ ասել, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։
Մի քանի բան արձանագրենք. Բագրատ արքեպիսկոպոսը քաղաքական առումով իդեալիստ է, նույնիսկ՝ ուտոպիստ, մինչդեռ Միքայել Աջապահյանն ավելի իրատես է` պրագմատիկ։ Գուցե այստեղ դեր է խաղում նրանց անձնական խառնվածքը, սակայն ամեն դեպքում, ներկա վիճակում իրականությանն ավելի մոտ են Աջապահյանի գնահատականները։ Ի վերջո, հասարակությունը Գալստանյանի ասած «կապանքներից» ազատագրելու համար գուցե եւ պետք լինեն տարիներ, մինչդեռ ժողովրդի ներուժի վրա հիմնված շարժումը, կամ որ նույնն է՝ «մեր կուսակցությունը ժողովուրդն է» սկզբունքով հաջողության հասնելն ավելի հավանական է, ինչն առաջարկում է Միքայել Աջապահյանը` կենտրոնական դեր տալ ժողովրդին՝ մերժելով ցանկացած կուսակցականություն։ Աջապահյանի ռեալիզմը նաեւ հիմնավորվում է նրանով, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանության գալ, խաղարկելով երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես՝ Սերժ Սարգսյանի հանդեպ ժողովրդի մեջ եղած հակակրանքը, չասելու համար` ատելությունը, ուրեմն պետք է դաս քաղել հենց Նիկոլ Փաշինյանի հաջողության պատմությունից եւ զերծ մնալ այդ պատմության թիրախ հանդսացած դեմքերի հետ գործ ունենալուց:
Շարունակելով՝ ասենք, որ Գալստանյան արքեպիսկոպոսին եզակի հնարավորություն է տրված՝ մաքրագործել իր ղեկավարած շարժումը որեւէ «ստվերից» կամ կուսակցականությունից, հենվել «մեր կուսակցությունը մեր ժողովուրդն է» հայտնի սկզբունքի վրա եւ դառնալ այն գործիչը, ով կկարողանա ի վերջո հասնել քաղաքական սերնդափոխության Հայաստանում։ Հակառակ դեպքում, գուցե առաջիկա 2026 թվականի ընտրություններում «Սրբազան պայքարն» ունենա խորհրդարանում խմբակցություն, գուցե ինչ-ինչ այլ փոքրիկ հաջողություններ էլ լինեն, սակայն գլոբալ առումով՝ իր առջեւ դրած խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը, Բագրատ Սրբազանը չի կարողանա իրականացնել։
Ի վերջո, քաղաքականությունը սթափ, ռեալիստական հաշվարկների վրա կառուցված գործունեություն է եւ քաղաքականության մեջ հաջողություն չի կարող ունենալ ռոմանտիզմը, էմոցիոնալությունը, իդեալիզմն ու ուտոպիզմը։




















