top of page

Ընտրակեղծարարների ջոկատը

4 hours ago
2 min read


Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի այն մասին, թե ինչպես արդար ընտրություններ կազմակերպելու երկաթյա որոշմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 8 տարում իսպառ ոչնչացրեց, հողին հավասարեցրեց ընտրական համակարգը մեր երկրում:

Ինչպես կարողացավ այնպես անել, որ ընդդիմադիր որեւէ ուժ 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին չհամարձակվի այլեւս առաջադրվել ու ավագանու կազմում խմբակցություն ունենալ: Եւ ընդդիմադիր թեկնածուների առաջադրվելը համազոր դառնա կամավոր բերդ գնալու կամ` աշխատանքից զրկվելու որոշման... իսկ «ընտրակեղծարար ՀՀԿ-ի ժամանակ»` 2016-ին ՔՊ-ի «վերելքը» սկսվեց Նոր Կյանք համայնքում իրենց ներկայացուցչի` Գարիկ Սարգսյանի ընտրությունից:


Ինչպես հաջողացրեց, որ ոչ միայն համապետական ընտրություններն ու դրանց իմաստը վերացրեց, համոզեց, որ ընտրություններով մեր երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել, այլ բուն ընտրությունները` որպես ժողովրդավարության գործիք, ջախջախջեց: Այնպես որ ոչ մի բնագավառում այլեւս ընտրություն գոյություն չունի` կա վերեւից նշանակված անձ, ով մեծ մասամբ ապաշնորհ է ու տգետ, ոլորտից ու իր կառավարելիք համակարգից ոչինչ չի հասկանում, ծառայամիտ է ու ստորաքարշ:


Ինչպես արեց, որ մտքի ու առաջադիմության սիմվոլ համարվող բուհերում անգամ ռեկտորների, դեկանների, ամբիոնի վարիչներ մրցույթներ այլեւս չեն լինում` ոչ մեկը չի համարձակվում ՔՊ-ի թեկնածուների հետ մրցել, իսկ նշանակվելիք թեկնածուները հաստատվում են կառավարության շենքում կամ ՔՊ գրասենյակում:

Ինչպես եղավ, որ ռադիոյի տնօրենի «հաղթող» թեկնածուն ընտրությունից օրեր առաջ Պրագայից հրավիրվեց Երեւան, կառավարության շենքում ընդունվեց- հաստատվեց, իսկ մի խումբ իբր մտավորականներ` հանձնաժողովի կազմում, առանց ամաչելու դակեցին Նիկոլ Փաշինյանի միանձնյա կայացրած որոշումը:


Ինչպես եղավ, որ նույնիսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն են վերածել զավեշտի եւ իրենց ցանկալի թեկնածուին` ֆրանսախոս Դենիս Ջորկաեֆին անցկացնելու համար ՀՖՖ կանոնադրության մեջ նախապես փոփոխություն են անում, որ բնակության եւ հայերեն լեզվի իմացության պահանջը հանեն` հարմարեցնեն նրան:


Վերջապես` ինչպես ստացվեց, որ մինչեւ 2018 թվականը բոլոր ընտրությունները մենք կեղծված էինք համարում, պայքարում էինք արդար ընտրությունների համար, համարում էինք, որ նախկին բոլոր իշխանությունները կեղծված ընտրություններով են ձեւավորվել, բայց անցած 30 տարվա մեջ, անգամ` 90-ականներին` երբ արկղեր էին գողանում, երբեւէ մի ամբողջ կուսակցության քվեներ չգողացվեցին, իսկ «արդար ընտրությունների ջատագով» Նիկոլ Փաշինյանի ժամանակ բացահայտորեն` օրը ցերեկով գողացան ու մարսեցին եւ դեռ համարձակվում են ասել, թե` լեգիտիմ իշխանություն ենք, ժողովրդի կողմից ընտրված:


Բոլոր մակարդակներում, բոլոր համակարգերում, բոլոր իմաստներով ընտրությունների ինստիտուտը դադարել է գործել մեզանում եւ դա կատարվել է իշխանության գլխին հայտնված քաղաքական ուժի ու նրա առաջնորդի հստակ եւ հետեւողական ծրագրով:


ՀԳ Նկարում ընտրակեղծարարների ջոկատն է (երբ դեռ այսքան չէին լկտիացել), մեր նախկին գործընկեր Վահագն Հովակիմյանի հետ միասին, ով Նիկոլ Փաշինյանի հրահանգով ընտրագողության անգերազանցելի բարձունքներ է նվաճել եւ, որի մասին ժամանակին միամտաբար մտածում էինք, թե «ազնիվ անձնավորություն է»:



1/2954
bottom of page