Ինչ օրենքներ կարող է ստեղծել նա, եթե ատելության խոսքեր շռայլող է․ Մելիքյանը՝ Ալեքսանյանի մասին
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

«Իշխանության ներկայացուցիչների կողմից այս բառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև` դատապարտելի»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին վերբալ մարմնավաճառներ անվանելու դեպքին։
«Նման գործելաոճն առաջին հերթին դատապարտելի է այն պատճառով, որ պատգամավորը, որը փորձում էր քննադատել ատելության խոսքի տարածումը լրատվամիջոցներում, իր ելույթում կիրառեց անթույլատրելի բառեր, որոնք որ իրենց էությամբ ատելության խոսքեր են և կարծում եմ, որ դրանով ինքն արժեզրկեց իրեն և անվստահություն առաջացրեց նաև այն պատճառով, որ պատգամավորն իր կարգավիճակով հանդերձ զբաղվում է օրենքներ ստեղծելով և շատ տարօրինակ է, թե ինչպիսի օրենքներ այդպիսի քաղաքական գործիչը կարող է ստեղծել, եթե ինքը ատելության խոսքեր շռայլող է»,- ասաց Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ խորհրդարանը բազմիցս քննարկել է ատելության խոսքի դեմ պայքարելու հնարավորությունը, օրենսդրական կարգավորումներ մշակելը, սակայն հիմա տեսնում ենք, որ իշխող ուժի պատգամավորները ատելության խոսք են տարածում։
«Մենք մոտակա ժամերին մեր հայտարարության մեջ բոլոր փաստերը կարձանագրենք, կդատապարտենք այդ վարվելակերպը և այդ կիրառված բառամթերքը։ Կարծում եմ, որ պատգամավորը նախ պետք է ներողություն հայցի լրագրողներից, մասնավորապես` հեռարձակող լրատվամիջոցների լրագրողներից և առցանց լրատվամիջոցներից, իշխող ուժից ակնկալում ենք հրապարակային գնահատական այս վարվելակերպին, դրա բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահելու մտածել, որ դա փոխհամաձայնեցված ներքին պայմանավորվածություններով ամրագրված գործելաոճ է»։
Նա նշեց, որ իրենց հայտարարությամբ պատրաստվում են պահանջ ներկայացնել Ազգային ժողովի ղեկավարությանը՝ էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննարկման առարկա դարձնել Վահագն Ալեքսանյանի վարքագիծը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։
Արմինե Նավոյան




















