top of page

Կենդանիների պաշտպանները խնդրագիր են ներկայացրել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագծի համար

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 3 min read

ree

Հայաստանի կենդանապաշտպանները խնդրագիր են ներկայացրել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի կապակցությամբ։ Փաստաթուղթը նախաձեռնվել է «Արևը բոլորինն է» (Sol lucet omnibus) էկո-սոցիալական կազմակերպության կողմից և կուղարկվի Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությանը և շահագրգիռ կազմակերպություններին։

Ահա խնդրագրի տեքստը.

Կոլեկտիվ խնդրագիր (բողոքի կոչ)

ՀՀ իրավապաշտպան կազմակերպություններից, հասարակական ակտիվիստներից և քաղաքացիներից


«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»


օրենքի նախագծի քննարկման ժամանակ հասարակության իրավունքների խախտման կապակցությամբ

Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, լուրջ մտահոգություն ենք հայտնում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ թափանցիկության և հանրային մասնակցության սկզբունքների խախտման կապակցությամբ։ Այս խնդրագրով կոչ ենք անում ապահովել գործընթացի բացությունը, որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության իրավունքների պահպանումը, ինչպես նաև անցկացնել օրենքի նախագծի բազմակողմանի վերամշակում՝ բացահայտված թերությունները վերացնելով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք.

  1. Հետաձգել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ընգրկումը՝ մինչև հանրային քննարկման ընթացակարգի խախտումների վերացումը և օրենքի նախագծի լիարժեք վերջնական մշակումը։

  2. Հանրային լսումները կազմակերպել նորովի՝ բաց, թափանցիկ ձևաչափով, հանրությանը նախապես տեղեկացնելով և քննարկման նյութերը հրապարակելով։

  3. Ապահովել փորձագետների, ոլորտային ՀԿ-ների և կոնկրետ առաջարկների հեղինակների մասնակցությունը օրենքի նախագծի քննարկման և վերամշակման գործընթացին։

  4. Ստեղծել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին կից աշխատանքային խումբ, որը կներառի համայնքի այս թեմայով շահագրգիռ բոլոր ներկայացուցիչներին և անկախ փորձագետներին։

Մենք համոզված ենք, որ նշված միջոցառումների իրականացումը կնպաստի հավասարակշռված, մասնագիտորեն մշակված օրենքի ընդունմանը, որը կծառայի բոլոր մարդկանց և համայնքների շահերին՝ ինչպես կենդանիների պաշտպաններին, այնպես էլ արդար, մարդասիրական և խելամիտ օրենսդրությամբ շահագրգիռ մնացած քաղաքացիներին։

Ուշադրություն ենք հրավիրում հետևյալ փաստերի և խնդիրների վրա.

Մենք՝ հանրության և քաղաքացիական հատվածի ներկայացուցչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի մշակման և քննարկման գործընթացի առթիվ։ Չնայած Ազգային ժողովին ուղղված բազմաթիվ գրավոր դիմումներին՝ այս օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներով, դրանցից ոչ մեկը պաշտոնական պատասխան չի ստացել,ինչը խախտում է տեղեկատվության հասանելիության իրավունքը, որը երաշխավորված է ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով։

Անցկացված հանրային լսումները քաղաքացիներին չեն տրամադրել քննարկմանը մասնակցելու իրական հնարավորություն։ Միջոցառման ձևաչափն անհամապատասխան էր. օրենքի նախագծի հեղինակները մերժեցին աշխատանքային հանդիպման կամ փորձագիտական քննարկման գաղափարը, իսկ որոշ ակտիվիստների թույլ չտվեցին մասնակցել՝ ձևական, իսկ որոշ դեպքերում՝ վիճելի պատճառներով։ Սա խտրական մոտեցում է և փաստացի զրկում է որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։

Հատկապես վրդովեցնում է այն փաստը, որ Ազգային ժողովի պաշտոնական էջում լսումները ներկայացվում են որպես լիարժեք՝ հաշվի առնելով հանրության կարծիքը, մինչդեռ իրականությունը հակառակն էր. օրենքի նախագծի հեղինակներն իրենց թույլ էին տալիս կոպիտ պահվածք և անտեսում էին ներկաների կարծիքները, ինչը հանգեցրեց կոնֆլիկտի և մասնակիցների մի մասի ցուցադրական հեռանալուն։

Բնապահպանական հետևանքներ

Օրենքի նախագծի բովանդակությունը լուրջ բնապահպանական մտահոգություններ է առաջացնում։ Մասնավորապես, այն նախատեսում է.

  • անտուն կենդանիների զանգվածային հեռացում փողոցներից,

  • նրանց տեղավորում կացարաններում,

  • կարճ ժամկետի ավարտից հետո չպահանջված կենդանիների զանգվածային էվթանազիայի (քնեցման) հնարավորություն։

Այս մոտեցումը կարող է ունենալ երկու ծայրահեղ բացասական սցենարներից մեկը.

  1. Եթե այն չընդգրկի քաղաքային պոպուլյացիայի նվազագույնը 70-75%-ը, ապա կգործի թվաքանակի լրացման մեխանիզմը՝ պոպուլյացիան կձգտի փոխհատուցել կորուստները ծնելիության, ձագերի քանակի և բազմացման հաճախականության ավելացման հաշվին։ Սա կհանգեցնի թվաքանակի նոր և անկառավարելի կտրուկ աճի, հիվանդությունների աճի և հասարակության մեջ լարվածության։ Նմանատիպ էֆեկտը՝ անբավարար ընդգրկման դեպքում, նույնիսկ ԲՈՎՎ (Բռնել-Օրգանազերծել-Վակցինացնել-Վերադարձնել) ծրագրերի շրջանակներում, գիտականորեն հաստատված փաստ է, որը նկարագրված է բազմաթիվ ուսումնասիրություններում և դրա վերաբերյալ կան բաց ու մատչելի աղբյուրներ։ Այս ասպեկտը նախատեսվում է արտացոլել օրենքում։

  2. Իսկ եթե 70-75%-ից ավելի առգրավում տեղի ունենա, ապա դա կհանգեցնի քաղաքային էկոհամակարգի ավերմանը։ Ազատված էկո-տարածքը կարող է զբաղեցվել առնետներով և այլ տեսակներով, ինչը նոր սանիտարական ու համաճարակաբանական ռիսկեր կստեղծի։

  3. Բացի այդ, կենդանիներին ապաստարաններում պահելու պայմանները և էվթանազիայի կիրառումը լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև դաժան վերաբերմունքի մասով, ինչը խախտում է ինչպես էթիկական նորմերը, այնպես էլ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի միջազգային ստանդարտները։

Օրհուսի կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումներ

Նշված փաստերը վկայում են Օրհուսի կոնվենցիայով ամրագրված երեք առանցքային իրավունքների խախտման մասին.

  • տեղեկատվության հասանելիության իրավունք (հոդված 4) — դիմումները մնացել են անպատասխան,

  • որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք (հոդված 6) — հանրության մասնակցությունը սահմանափակված է, ակտիվիստների թույլտվության մերժումը, ընթացակարգերի ձևական բնույթը,

  • արդարադատության հասանելիության իրավունք (հոդված 9) — բացակայում է խախտումները բողոքարկելու արդյունավետ մեխանիզմը։

Բացի այդ, նշում ենք, որ օրենքի նախագիծը համաձայնեցված չէ մի շարք միջազգային պայմանագրերի հետ, ներառյալ.

  • Կենսաբանական բազմազանության կոնվենցիան (վավերացված է Հայաստանի կողմից).

  • Ջրաճահճային տարածքների մասին Ռամսարի կոնվենցիան (վավերացված է).

  • Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան Եվրոպայում.

  • Ընտանի կենդանիների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան (դեռևս վավերացված չէ Հայաստանի կողմից, սակայն ներառված է եվրոպական իրավունքին մերձենալու գերակա ցանկում)։

Այս և նմանատիպ համաձայնագրերին ապագայում միանալու դեպքում, այս օրենքի դրույթների և Հայաստանի միջազգային պարտավորությունների միջև կարող է ուղղակի իրավական հակասություն առաջանալ։

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ այս ամենը տեղի է ունենում ընտրությունների նախօրեին, երբ իշխանության մարմինները պետք է դրսևորեն առավելագույն թափանցիկություն։ Բնական հարց է առաջանում՝ եթե հիմա հանրությանը մեկուսացնում են գործընթացից, ապա ի՞նչ կլինի ընտրություններից հետո։

Պնդում ենք.

  1. Կասեցնել օրենքի նախագիծը օրակարգ մտցնելը՝ մինչև հանրության և մասնագետների մասնակցությամբ իրական, բաց և փորձագիտական քննարկումներ անցկացնելը։

  2. Կազմակերպել կրկնակի հանրային լսումներ մատչելի և ներառական ձևաչափով։

  3. Տրամադրել պաշտոնական պատասխան նախկինում ներկայացված առաջարկներին։

  4. Պարբերաբար, նոր պաշտոնական առաջարկություններ ուղարկելուն զուգընթաց, պաշտոնական պատասխան տալ հեղինակներին։

  5. Օրենքի նախագծում կատարել փոփոխություններ, որոնք կվերացնեն բնապահպանական, էթիկական և միջազգային իրավական նորմերին հակասող դրույթները։

  6. Վերամշակել օրենքի նախագիծը՝ վավերականացման (լեգիտիմացիայի) վերը նշված բոլոր գործընթացները պահպանելով։

Պահանջները չկատարելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմելու ՄԱԿ-ին կից Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտե, ինչպես նաև այլ միջազգային ատյաններ։

Խնդրագիրը բաց է ստորագրման համար։

bottom of page