Ղազախստանից ցորենի ներկրումն էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա, Բաքվով անցնող ճանապարհն ավելի երկար է, քան ՌԴ-ի ուղին, բայց կարևոր է որպես այլընտրանք. տնտեսագետ
- Ani

- 12 hours ago
- 3 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
Հայաստանը քննարկում է Ղազախստանից հացահատիկ ներկրելու հնարավորությունը՝ Բաքվի ճանապարհով։ Aysor.am-ի հետ զրույցում այս նախաձեռնությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանը գնահատեց որպես դիվերսիֆիկացման փորձ, սակայն նշեց, որ այն իր հետ բերում է լոգիստիկ և տնտեսական մի շարք հարցեր, որոնց պատասխանները դեռ պարզ չեն։
-Պարո՛ն Պարսյան, հայտարարվեց, որ Հայաստանը նախատեսում է հացահատիկ ներկրել Ղազախստանից՝ Բաքվի ճանապարհով։ Ըստ Ձեզ՝ սա շուկայակա՞ն, թե՞ քաղաքական որոշում է։
-Հայաստանն անկախացումից ի վեր մշտապես եղել է ցորեն ներկրող երկիր․ այսինքն՝ ցորենի ինքնաբավության առումով միշտ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Նույնիսկ Արցախի և ազատագրված տարածքների առկայության պայմաններում տարեկան ապահովվում էր ընդամենը 70–90 հազար տոննա ցորեն, ինչը բավարար չէր ներքին պահանջարկի համար։ Հիմնականում ներկրում էինք Ռուսաստանից և Ուկրաինայից։
Պատերազմի սկսվելուց հետո մատակարարումներն Ուկրաինայից դադարեցին, և այժմ Հայաստանի ցորենի մոտ 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Դա մեզ կախված է դարձրել ռուսական շուկայից։ Հետևաբար, կարևոր է դիվերսիֆիկացնել ներկրման ուղղությունները, և Ղազախստանը, որպես ԵԱՏՄ անդամ, այս առումով կարող է հարմար տարբերակ լինել։ Այստեղ էական չէ, թե ցորենը որ ճանապարհով կգա Հայաստան, այլ՝ որ կարողանանք ձեռք բերել այլընտրանքային և մատչելի աղբյուրներ։
- Կարո՞ղ է ղազախական ցորենի ներկրումը նվազեցնել գներն ու կայունացնել շուկան Հայաստանում։
- Այս պահին դեռևս հստակ տեղեկատվություն չկա, թե ցորենն ինչ գնով է ներկրվելու և որքան կարժենա բեռնափոխադրումը։ Բայց պետք է հասկանալ, որ Ղազախստանից ցորենը երկար ճանապարհ է անցնում՝ ծովով մինչև Ադրբեջան, այնտեղից՝ երկաթուղով Վրաստան ու Հայաստան։
Համեմատության համար՝ Ռուսաստանի Կրասնոդարի կամ հարակից շրջաններից ցորենը շատ ավելի կարճ ճանապարհով է գալիս՝ նավահանգստով մինչև Փոթի, այնտեղից՝ գնացքով Երևան։ Այսինքն՝ աշխարհագրական դիրքից ելնելով՝ ռուսական ուղղությունը, բնականաբար, ավելի կարճ և էժան է։
Այլ բան է, եթե հայկական կողմը կարողանա հատուկ պայմաններ ստանալ, օրինակ՝ տրանսպորտային արտոնություններ կամ փոխադրավճարի նվազեցում՝ Ադրբեջանի տարածքով, այսինքն՝ ենթադրենք, Վրաստանը մեկ տոննան 50 դոլարով է փոխադրում, իսկ Ադրբեջանը պատրաստ է 20 դոլարով փոխադրել, սա այլ հաշվարկ կլինի։ Բայց ընդհանուր առմամբ՝ սա ավելի երկար և թանկ երթուղի է, քան՝ ներկրումը Ռուսաստանի կողմից։
- Իսկ Ադրբեջանի տարածքով այս ճանապարհը կարո՞ղ է դառնալ կայուն և անվտանգ մատակարարման ուղի։
- Անվտանգությունը հիմնված է փոխվստահության, զսպող մեխանիզմների և միջազգային ապահովագրական համակարգերի վրա։ Կարևոր է, որ փոխադրումներն ապահովագրվեն այնպիսի միջազգային ընկերությունների կողմից, որոնք պատրաստ են երաշխավորել բեռների անվտանգությունը Ադրբեջանի տարածքով։ Սա պետք է լինի քննարկման առանձին մաս՝ ռիսկերի կառավարման տեսանկյունից։
- Ղազախստանի ցորենը կարո՞ղ է իրական այլընտրանք դառնալ ռուսականին։
-Այս պահին խոսքը մեծ խմբաքանակների մասին չէ։ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 300 հազար և ավելի տոննա ցորեն, իսկ Ղազախստանից ներկրվող մի քանի հազար տոննաները չեն կարող էական ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Բայց սա կարևոր քայլ է՝ այլընտրանքային շուկաներ գտնելու և փորձարկելու համար, և Ղազախստանը կարող է դրանցից մեկը լինի։ Թե որ ճանապարհով կտեղափոխեն Հայաստան՝ այլ հարց է, որ ճանապարհով ավելի կարճ է, տրանսպորտային ծախսերը քիչ են՝ ձեռնտու է։ Բայց Ադրբեջանով տեղափոխումը դեռ երկար և բարդ տարբերակ է, քան Փոթի-Թբիլիսի-Երևան ուղղությունը։ Այնուամենայնիվ, դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է՝ թեկուզ փոքր ծավալներով։
- Իսկ այս գործընթացը կարո՞ղ է առաջացնել քաղաքական ռիսկեր, մասնավորապես, Ռուսաստանի կողմից։
-Հայաստանը և Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են և մենք անդամ երկրներով պետք է փորձենք միասնական շուկայավարում իրականացնել։ Եվ այս պայմաններում պետք է դիվերսիֆիկացնենք, մեկս մյուսի հետ առևտուրը խորացնենք։ Այս տեսանկյունից ռուսական կողմի համար ավելի քիչ գրգռիչ կլինի, քան այլ երկրներից ներկրումը, որովհետև ՀՀ-ում եղել են դեպքեր, որ հայտարարել են, թե Թուրիքայից կարող են ցորեն ներկրել, այն դեպքում, երբ Թուրքիան ինքն է ցորեն ներկրում, այնպես որ՝ սա չարյաց փոքրագույնն է։
-Կան կարծիքներ, որ այս գործընթացը կարող է էժանացնել հացը։ Սա իրատեսակա՞ն է։
-Դա ժամանակավրեպ է, որովհետև որևէ հիմք չկա, կրկնում եմ՝ պետք է ամեն ինչ փաստաթղթավորված ներկայացվի հանրությանը, որ գնահատվի։




















