«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին
- Ani

- 6 hours ago
- 1 min read

«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները (2 %) կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած` մինչև 2027 թ. հունվար ամիսը ներառյալ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարած անկանխիկ վճարումների 2%-ի չափով և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է։
Շահառուներին հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Յուրաքանչյուր գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։ Շահառուներին վճարվող հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:
Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի միջոցներից։
Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքներից՝
1) տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,
2) ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
3) բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («Մեծահասակների համար նախատեսված բովանդակության», «Ծանոթությունների կայքերի և հարթակների», «Խաղատների և խաղային ծառայությունների», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակների և այլ կրիպտո ծառայությունների», «Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայությունների», «Ազարտային խաղերի», «Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների», «Հեռախոսային մարքեթինգային ծառայությունների», «Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների», «Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը, բացառությամբ՝ Դեղատների),
4) ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների,
5) ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների,
6) Ստացված հետվերադարձը, փոխհատուցումը և հետգանձումները: Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։




















