Ադրբեջանում իրական քաղհասարակությունը կա՛մ բանտում է, կա՛մ արտաքսված է, իսկ Երևան եկածները հատուկ ծառայության գործակալներ են. Լապշին
- Ani

- 7 hours ago
- 2 min read

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը քննադատել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Երևան կատարած այցը՝ նշելով, որ նրանց մեծ մասը իրականում կապ ունի այդ երկրի հատուկ ծառայությունների հետ։
Լապշինն այս մասին գրառում է արել և նշել, որ այցը գլխավորում էր Դիլարա Էֆենդիևան՝ այն նույն անձը, որը ժամանակին հանդես էր գալիս որպես «բնապահպան ակտիվիստ»՝ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ և փաստացի դարձավ Արցախի 9-ամսյա շրջափակման խորհրդանիշ։
«Այո, ճիշտ եք հիշում՝ նա Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նույն «բնապահպան ակտիվիստն» է, որի գործողությունների հետևանքով 120 հազար արցախցիներ սովամահ եղան՝ առանց սննդի, դեղորայքի կամ հեռանալու հնարավորության»,- գրել է Լապշինը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանել ոչ թե որպես անկախ հասարակական խումբ, այլ որպես իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույց․
«Այս մարդիկ Երևան են ժամանել Իլհամ Ալիևի նախագահական ինքնաթիռով՝ այն նույն ինքնաթիռով, որը 2017-ին ինձ տեղափոխեց Թել Ավիվ՝ Բաքվի բանտում մահափորձից հետո։ Այդ ինքնաթիռը նախկինում օգտագործվել է ընդդիմադիր լրագրող Էլվին Իսաևին Կիևից Բաքու արտահանձնելու համար»,- նշել է նա։
Լապշինը հիշեցրել է նաև, որ 2021-ին Եվրոպական դատարանը և 2022-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանին մեղավոր են ճանաչել իր նկատմամբ իրականացված անօրինական արտահանձնման, խոշտանգումների և սպանության փորձի մեջ։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի։ «Իրական քաղաքացիական հասարակությունը կա՛մ բանտում է, կա՛մ արտաքսված է։ Իսկ նրանք, ովքեր Երևան են եկել, հատուկ ծառայությունների սպաներ են, որոնք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի աղքատացած ու ճնշված ժողովրդի հետ»։
Միաժամանակ Լապշինը նշել է, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական շփումները պետք է շարունակվեն՝ թեկուզ պայմանական ձևաչափով․«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե նրանց այցը ապտակ է հայ ժողովրդին։ Հայաստանը հիմա իր պայմանները թելադրելու դիրքում չէ, պետք է խաղալ ավելի խոշոր խաղացողների պարտադրած կանոններով»,– նշել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գոնե խաղաղ համակեցության պատրանք պահպանել։
Լապշինը հավելել է, որ հայ պատանդների հարցը, ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումների ժամանակ նույնիսկ չի բարձրացվել․ «Թող հրեաները փրկեն իրենց պատանդներին Համասից, իսկ հայերը կարող են մի քիչ էլ նստել Բաքվում։ Դրա մասին, երևի, Երևանի հանդիպման ժամանակ չխոսեցին, որպեսզի ադրբեջանցիներին չնյարդայնացնեն»,– գրել է նա։
Վերջում Լապշինը շեշտել է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող «թռչել նախագահական ինքնաթիռներով» և նշել է, որ Եվրոպայում հանդիպել է իրական ադրբեջանցի և բելառուս ակտիվիստների, որոնք տարիներ են անցկացրել բանտերում և այժմ շարունակում են պայքարել ազատության համար։




















