Առաջիկա օրերին ՀՀ իրանական հեղուկ գազ է մտնելու. գինը բարձր է, ուղիղ ասում եմ. եթե մեկ շաբաթից 200 դրամ լինի՝ ֆանստաստիկ լավ կլինի. Գևորգ Պապոյան

Մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, որի հետևանքով, հիմնականում հեղուկ գազ չկար: Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ad
«Գինը 300 պլյուս էր, հիմա, նոր նայում էի, Ապարանում 240 դրամ է: Արդյո՞ք դա այն գինն է, որը պետք է լինի: Ես կարծում եմ, որ ոչ, պետք է իջնի, պրոցեսը դանդաղ գնում է:
Երեկ ինձ Էկոնոմիկայի նախարարության կցորդն Իրանում զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է: Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը գները կիջեցնի»,-նշել է նա:
Պապոյանը հավելել է, որ այս օրերին, ՌԴ-ից հեղուկ գազն անխափան գալիս է, բայց ՌԴ-ում գների որոշակի աճ է տեղի ունեցել, որը ՀՀ-ում իր ազդեցությունն ունեցել է:
«Ես հուսով եմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա գների՝ ներքև իջնելու ուղղությամբ: Բարձր գին է, ես ուղիղ ասում եմ և հիմա մենք աշխատում ենք, որ և՛ Իրանից, և՛ ՌԴ-ից մեծ ծավալներով գա, որը պետք է նպաստի գների իջեցմանը:
Ես մայիսի 1-ին էլ եմ ասել՝ այս փուլում, կարճաժամկետում վերադարձը հին գներին, մի քիչ պակաս իրատեսական եմ համարում, շատ պարզ պատճառով, որովհետև ՌԴ-ում գներն ավելացել են և այնտեղ պետական տուրք է դրվել արտահանման վրա, ինձ այդպես են զեկուցել, որը որոշակիորեն ազդեցություն է ունեցել գնի վրա»,-մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը:
Լրագրողի հարցին՝ 200 դրամից չի՞ իջնելու հեղուկ գազի գինը, Պապոյանը պատասխանել է՝ ես հիմա չեմ ուզում գին ասել, բայց եթե մեկ շաբաթ հետո անգամ 200 դրամ լինի, ֆանտաստիկ լավ կլինի:



















