top of page

Մինչև 2010 թ. արտադրված մեքենաների՝ Երևան մուտքի արգելքի սահմանափակման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. քաղաքապետի խոսնակ

4 hours ago
1 min read

Երևանի քաղաքապետարանը հերքում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի տարածած տեղեկությունները, թե մայրաքաղաքում նախատեսվում է սահմանափակել մինչև 2010 թվականն արտադրված մեքենաների, ինչպես նաև հեղուկ գազով շահագործվող և «Եվրո 4» չափանիշին չհամապատասխանող ավտոմեքենաների մուտքը։

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնեց, որ նման թվերն ու սահմանափակումների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները որևէ հաստատված հիմք չունեն։

«Ես չգիտեմ՝ որտեղից է կրկին երկու լայքի համար ինչ-որ բան հորինել։ Առաջիկա շաբաթների ընթացքում այն, ինչ կքննարկենք, ոչ թե կորոշենք, այն կդրվի հանրային լայն քննարկման։ Մինչև որոշումներ դառնալը՝ նախ պետք է հանրային քննարկում իրականացվի»,- նշեց Ազարյանը՝ անդրադառնալով Ստեփանյանի հրապարակմանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքային տրանսպորտի և ավտոմեքենաների շահագործման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ որևէ համակարգված առաջարկ դեռևս չի ներկայացվել վերջնական որոշման տեսքով։ Մամուլի խոսնակը շեշտեց, որ առաջիկայում քննարկվելիք հարցերը հրապարակային են լինելու, իսկ գործընթացում ներգրավվելու են ինչպես քաղաքացիները, այնպես էլ շահագրգիռ մյուս կողմերը։

«Քննարկումները կլինեն հրապարակային, պետք է դրվի հանրային քննարկման, պարտադիր ներգրավված են լինելու մի շարք կողմեր և քաղաքացիներ։ Առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ հրապարակային կտեղադրվի, կխոսենք այդ մասին, կքննարկենք, կլսենք բոլորին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է մայրաքաղաք մուտք գործելու սահմանափակումներ կիրառել՝ դրանք վերագրելով ավտոմեքենաների արտադրության տարեթվին, վառելիքի տեսակին և էկոլոգիական չափանիշներին։

1/3008
bottom of page