Ադրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին՝ կապված նոր Սահմանադրության հետ

Ադրբեջանն ու Լիտվան քննարկել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին Բաքվում Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Report-ը։
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ հարթակների շրջանակում համագործակցության հարցերի շուրջ։
Բայրամովը նաև հայտնել է, որ լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս զարգացումների, ինչպես նաև Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։
«Այս գործընթացում մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Նախորդ տարվանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Հայաստան։ Նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Ներկայում երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնելու շուրջ։ Հաճախակի են դարձել պաշտոնական պատվիրակությունների և պետական մարմինների միջև շփումները, ավելացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Այս ամենը նպաստում է խաղաղության գործընթացի ամրապնդմանը»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ կողմերն անդրադարձել են նաև վերջին զարգացումներին ևս մեկ անգամ կոչ անելով քվեարկել Հայաստանում ներկայացված նոր Սահմանադրության նախագծին։ Կողմերն անդրադարձել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի գործնական իրականացման մեկնարկին։




















