Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, ամերիկյան կողմը՝ 74 տոկոս. «Թրիփփի զարգացման ընկերություն» համաձայնագիրը հավանության արժանացավ

Կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվեց ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։
Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։
«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։
«ԹՐԻՓՓ»-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։




















