top of page

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է. իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբանական թիմ

7 hours ago
1 min read

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան. նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը, նշված է ՊՆ նախկին նախարարաի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ։

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու։

Առաջին դատալսման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարգել անմեղության կանխավարկածը»,- նշված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ավելի վաղ հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ ԶՈւ-ին հատկացվել են որակյալ չհամարվող 18,000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20,268,000 ՀՀ դրամի գույքային վնաս: 

1/3010
bottom of page