Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։
Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝
- հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,
- ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,
- բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։
Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։




















