Գեղամ Գրիգորյան-75․ գալա համերգի պատվավոր հյուրը Պլասիդո Դոմինգոն էր

Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:
20-րդ դարի հայ օպերային անվանի երգչի մեծարման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Գեղամ Գրիգորյանն իր արվեստով շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։
«Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։ Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողքի կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասել է նախարարը:
Մեծանուն հայ տենորի Գեղամ Գրիգորյանի անունը ներառվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում (այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Էնրիկո Կառուզոն, Լուչիանո Պավարոտին և Պլասիդո Դոմինգոն)։ Գալա համերգը հարգանքի տուրք էր նրա հիշատակին․ երևանյան հանդիսատեսը ջերմությամբ և բուռն ծափերով վերստին արտահայտել է իր վերաբերմունքը Գեղամ Գրիգորյանի արվեստի նկատմամբ։
Պլասիդո Դոմինգոյի հետ օպերային թատրոնի բեմում հանդես է եկել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը․ նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Թագավորական օպերայում, Փարիզի օպերայում և Զալցբուրգի փառատոնում։ Հասմիկ Գրիգորյանը International Opera Award-ի և Opus Klassik-ի դափնեկիր է, իսկ «Opernwelt» ամսագրի վարկածով երկու անգամ ճանաչվել է տարվա երգչուհի։
Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին էր՝ Վարդան Գրիգորյանը։




















