«Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում
- 5 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում գտնել արտահոսքի աղբյուրը եւ զեկուցել իրեն, որ հարցերը լուծեն։ Տիգրան Ավինյանը, փոխանակ թաղապետարանում կարգուկանոն հաստատի, այդ մասին մամուլին տեղեկացնողներին է ուզում բացահայտել` միանգամայն ապարդյուն:
Ի դեպ, մենք իրավիճակի մասին մեր ստացած տեղեկատվության մի չնչին հատվածն ենք ներկայացրել Արաբկիր վարչական շրջանում լիակատար անտերության վիճակ է: Օրինակ, քաղաքաշինության բաժնի պետը սեւանցի Դավիթը (նրան այդպես են ասում), մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել, աշխատակիցներն ասում ենառանց թույլտվության մեկնել է արձակուրդ։ Թաղապետի մեկ այլ «լյուբիմչիկ» Վահեն, երկու շաբաթ իբր բյուլետենի մեջ է եղել, բայց այդ օրերին Սեւանի ափին գտնվող՝ իրեն պատկանող հանգստի գոտուն է տիրություն անելիս եղել։
Թաղապետ Վարոսյանն էլ, փոխանակ աշխատանքից բացակայողներին պատժի, ասում են` մտադիր է պատժել թաղապետարանի կոմունալ բաժնի 3 աշխատակիցներին, որոնք չեն պատասխանել թաղապետի հեռախոսազանգերին։ Այս 3 աշխատակիցները նման տույժի դեպքում մեկ տարի ժամկետով զրկվելու են պարգեւավճարներից։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















