Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը
- 2 hours ago
- 1 min read

Պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում ողբերգական դեպքի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքում նախկին պոլիկլինիկայի, հետագայում որպես հիվանդանոց շահագործվող շենքի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «Աշկար» ՍՊԸ-ին պատկանող՝ կռունկավար Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Վարդան Բ.-ի կողմից շահագործված «Քինգոնգ» մակնիշի ավտոկռունկի բետոնի համար նախատեսված տարայի ամրալարը պոկվելու և բարձրությունից ընկնելուց հետևանքով տարայի վրա կանգնած Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գարիկ Մ.-ն և 37-ամյա Միսակ Ո.-ն, մեկը՝ տեղում, մյուսը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վալերի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն ու վիրավորը աշխատում են «Աշկար» ՍՊԸ-ում որպես բանվոր, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։




















