top of page

«ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐ» ՄԻԱՅՆ ՀԵՔԻԱԹՈՒՄ Է ԼԻՆՈՒՄ․․․

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 12, 2024
  • 2 min read

Թումանյանի  «Անհաղթ Աքլորի» ժամանակներում ենք ապրում։ Երբ երկիր ունեինք ու խաղաղ ապրում էինք։ Որտեղից որտեղ մի աքլոր քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․ 

-Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ․․․



Ծուղրուղու՜, պաշտոն եմ գտել։ Հեքիաթը բոլորդ գիտեք։ Թե այդ աքլորը ինչ օյին է դնում թագավորի, երկրի  գլխին։ Վերջին հատվածն եմ մեջբերում, որովհետև մենք վերջին հատվածում ենք․ 

«Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլի  ձենը չի կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։ 

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։ 

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․ 

-Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․ 

- Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։ 

Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։ 

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․ 

- Ծուղրուղո՜ւ․․․»


Հիմա մենք թագավորի, Նիկոլ Փաշինյանն «աքլորի» դերում է։  Ինչ էլ անում ենք՝ ինքը ծուղրուղու՜ է կանչում, ինքը իր գործն անում է։ Հանձնում ու հանձնում է։  Փոխաբերություն է սա, բայց աշխարհում նման իրական փոխաբերություն չեք գտնի։ Ընդդիմություն կանչեցինք, զարկին հա՜ զարկին,  աքլորը էլի ծուղրուղու՜ է կանչում։ Վերջում տվինք,  մեր փորը թափեցինք։ Արցախը հանձնվեց, ձայն չհանեցինք։ Մեր հազարավոր տղերքը մատաղ արվեց․ ձեն չհանեցինք։  Հայաստանն աչքներիս առաջ հանձնվում է, ծպտուն չենք հանում։ Աքլորը  «մորթում» ենք,  էլի ծուղրուղու՜ է կանչում։ Դռնից հանում, պատուհանով է ներս մտնում, պատուհանից հանում, երդիկով է մտնում։ Համոզված եմ ասում, որ մի լավ պառավ լիներ, աքլորն էլ ծուղրուղու չէր կանչի։ Գյուղում մի տատիկ ունեինք, երբ յեքա տղամարդիկ աքլորին  չէին կարողանում մորթել, գալիս ու երկու մատով վիզը ոլորում էր։ 


Փոխաբերություն է, բայց այն հարցին եմ պատասխանում, թե ինչու ժողովուրդը շարժումներին թերահավատ է նայում։ Ժողովուրդը մտածում է՝  մի Նիկոլի հախից չեք կարողանում   գալ․․․ Ինքը չի մտածում, որ ինքը պիտի հախից գա, ինքն է որոշիչ։ Մի Կիկոսն ի՞նչ կարա անի։ Մի հոգին ի՞նչ անի։ 


Անհաղթ աքլոր միայն հեքիաթներում է լինում։ Հաղթող է պետք։ Մի բանի հասնելու համար, առաջին հերթին միասնություն է պետք։ Հրանտ Մաթևոսյանը մի լավ խոսք ունի, որ միասնության, միաբանության մասին է։ Անգամ կենդանական աշխարհում հակառակորդին միասնությամբ են հաղթում։ Ահա թե ինչ է ասում․  «Ոչխարները հոտ են դառնում և այդ հոտը իր սարսափի՝  գայլի հախից գալիս է»։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու մի Նիկոլի հախից չեք կարողանում գալ։ Պառակտված եք ու ձեզ պառակտել ու պառակտում է նա, ով ուզում է ձեր հախից հատ- հատ գալ։  


Մի Նիկոլի հախից չեք կարողանում գալ, թշնամու հախից ո՞նց եք գալու։ Ընդունեք ձեր պարտությունը կամ միավորվեք։ Խոսքս վերաբերվում է պառակտված ընդդիմությանը և այն դաշտին, որին թվում է, թե զոհաբերության հերթը իրեն չի հասնելու։ Հոտը հոշոտում են պառակտելով։ Գոնե պատկերացրի՞ք , թե ինչու՞ են «հոշոտում» այն շարժումը, որը միաբանվելու, մեկտեղվելու  կոչ է անում։ Եվ ցանկացած կոչ, որը տանում է պառակտման, դա հակառակ ուժ է։



bottom of page