Էրդողանի խորհրդականը զրկվել է պաշտոնից Բաքվին քննադատելուց հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը լքել է պաշտոնը Ադրբեջանի իշխանությունների՝ դպրոցներում հիջաբ կրելը սահմանափակող որոշումը քննադատելուց հետո, հայտնել է Cumhuriyet թերթը:
Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է մտցրել պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքը կարգավորող կանոններում: Նոր կանոնները արգելում են դպրոցականներին կրել հագուստի տարրեր, որոնք խախտում են համազգեստի միասնական չափանիշը կամ չեն համապատասխանում ուսուցման աշխարհիկ բնույթին:
Որոշումը քննադատություն է առաջացրել Թուրքիայի մի շարք քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների շրջանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց «սև ցուցակում»՝ հանրապետությունում իշխանության բռնի փոփոխության կոչերի համար: Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Սարալը սոցցանցերում հանդես է եկել Բաքվի որոշման դեմ՝ հայտարարելով, որ կրոնական հագուստով դպրոցականներին կրթություն ստանալուն խոչընդոտելն անթույլատրելի է:
«Պարոն նախագահն ինձ նշանակել էր այս պաշտոնին, և ես հեռացա նրա ցուցումով: Ոչ ոքի դեմ ոխ չեմ պահում»,- մեջբերում է հրատարակությունը Սարալի խոսքերը, որոնք ասվել են լրագրող Թալաթ Աթիլլայի հետ զրույցում:
Սարալի խոսքով՝ իր հեռանալը, հավանաբար, կապված է Ադրբեջանի մասին հայտարարությունների հետ:
Ավելի վաղ Middle East Eye հրատարակությունը, հղում անելով երեք պաշտոնատար անձանց և իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Բաքուն իբր պահանջել է Անկարայից պաշտոնանկ անել Սարալին՝ ի պատասխան նրա հայտարարությունների:
Ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը լրագրողներին բացատրել է, որ բարեփոխումն ուղղված է ուսումնական հաստատություններում կրոնական, էթնիկական և սոցիալ-տնտեսական տարբերությունների լիակատար բացառմանը: «Հիջաբ» բառը փաստաթղթում չի հիշատակվում, սակայն այս փոփոխությունները վերաբերել են նաև նրանց, ովքեր օգտագործում են հիջաբ:




















