top of page

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ

2 hours ago
1 min read

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին։

Ասված է Խաչատրյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

«2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց, 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։

Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Չնայած առողջական ծանր վիճակին և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը՝ նախորդ դատական նիստերին նա կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել է դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ ապահովվել են որոշ տեղային լուծումներ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջության և կյանքի համար առկա վտանգը չի վերացվել։

Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել իր բուժառուին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված է հերթական դատական նիստը, և ենթադրվում է, որ Գագիկ Խաչատրյանը կրկին կտեղափոխվի դատարան։ Պաշտպանական կողմը միջնորդելու է նիստն անցկացնել հնարավորինս դռնբաց՝ ապահովելով հանրային վերահսկողությունը և միաժամանակ պահպանելով անձնական ու առողջական տվյալների գաղտնիությունը։

Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ։ Անձի առողջության և կյանքի հիմնարար իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրա կարգավիճակով կամ նրան վերագրվող մեղադրանքներով։ Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցողը և լուսաբանել դատական նիստը»։

1/2902
bottom of page