Ալիևի տեղը վրեժ է լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Բռնաճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս չարիքի իշխանությունը՝ Ադրբեջանի խամաճիկ կառավարությունը, կշարունակի մնալ իշխանության, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դատավարություններով, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, երկու խնդիր է լուծում.
«Առաջիկայում այն հանձնումները, որոնք պատրաստվում է իրականացնել, փորձում է ճանապարհի բոլոր խոչընդոտները վերացնել և իրեն ապահովագրել։ Երկրորդ պատճառը՝ վրեժ է լուծում։ Վրեժ է լուծում Ալիևի տեղը։ Արցախի երեք նախագահները գտնվում են Բաքվի բանտում, չորրորդին Ալիևի ձեռքը չի հասնում, և նա փորձում է Փաշինյանի միջոցով դա անել»։
Սաղաթելյանը շեշտեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգից ինքը ակնկալիքներ չունի. «Անշուշտ, դատաիրավական համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են որոշ գծեր պահել, բայց, տեղի տալով Նիկոլ Փաշինյանի խայտառակ ճնշումներին, այդ մարդկանց թիվը նվազում է։ Հետևաբար բոլոր հարցերի լուծումը պահանջում է ազատվել այս չարիքի իշխանությունից»։
Սաղաթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին.
«Ու սրանք պետություն են ներկայացնում։ Մինչև իշխանություն լինելը տեսել ենք, թե ովքեր են եղել։ Օգտվել պետական պահպանությունից, ուժային կառույցներից ու գալ մեծ-մեծ խոսել՝ դա ցանկացածն էլ կարող է։ Դրանով ո՛չ ուժ, ո՛չ ինտելեկտ, ո՛չ բարոյականություն են ցույց տալիս։ Սրանք ինքնահաստատման ճղճիմ փորձեր են»։




















