top of page

Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը

9 hours ago
2 min read

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի»հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։

Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։

Նա նշել է, որ մինչև Նոր տարի արդեն Հայաստանում կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել իրեն փոխարինելու մասին, արդյոք չի՞ արդարացրել իշխանությունների սպասելիքները, Արսենյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, վերադառնում է, իսկ թե ինչու այն չի երկարացվում, առաջարկել է հարցն ուղղել կառավարությանը։

«Այո՛, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Արսենյանը։

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է չվերանշանակման պատճառն այն է, որ Արսենյանը որդեգրած քաղաքական կուրսի առումով համամիտ չէ ՀՀ իշխանությունների հետ ու ավելի կառուցողական է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հարցում, Արսենյանը նշել է, թե իր գործն ու սահմանադրական պարտավորությունն է կառուցողական լինել։

«Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն»,- ասել է Արսենյանը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը։ Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի, քանի որ Մկրտչյանի նշանակումը ռուսական կողմի սրտով չէ։ Ռուսական կողմը հերքել է այս լուրը։

Արսենյանը չի ցանկացել մեկնաբանել այս լուրերը, միայն ասել է, թե լրատվամիջոցը խոր մոլորության մեջ է փոխարինողի մասով։

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ նախկին պաշտպանության նախարարին, որը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2022 թվականի հունվարից)։ Մինչ այդ Արսենյանը, լինելով պատգամավոր, մի շարք հակառուսական արտահայտություններ և հայտարարություններ է հնչեցրել։ Սակայն դեսպան նշանակվելուց հետո հայտարարել է, որ որպես դիվանագետ այսուհետ սահմանափակ է ներքաղաքական դիրքորոշումն արտահայտելու մեջ, քանի որ դա է պահանջում քաղաքական զսպվածության սկզբունքը։

1/2999
bottom of page