top of page

Տուբերկուլյոզի կաբինետների փակումը նոր վտանգներ է ստեղծում երկրում. Sputnik Արմենիա-

1 hour ago
1 min read

ՀՀ առողջապահության նախարարության որոշումը՝ փակել պոլիկլինիկաներում գործող տուբերկուլյոզի մասնագիտացված կաբինետները, հղի է վտանգավոր հետևանքներով և կհանգեցնի հիվանդության ոչ պատշաճ վերահսկողության։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Առողջության իրավունք» ՀԿ–ի նախագահ Անուշ Պողոսյանը։


Ըստ տեղեկությունների՝ Առողջապահության նախարարությունը որոշել է մայրաքաղաքի պոլիկլինիկաներում թողնել տուբերկուլյոզի միայն 4 մասնագիտացված կաբինետ։ Պողոսյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո ֆինանսավորումը հաշվարկվում է այցերի թվով, իսկ տուբերկուլյոզի կաբինետներում ամսական առավելագույնը 2-3 այց է գրանցվում, ինչը հիմք է դարձել կրճատումների համար։


«Առողջության իրավունք» ՀԿ նախագահը զգուշացնում է, որ կանխարգելման ֆունկցիան ընտանեկան բժշկի վրա դնելն անթույլատրելի է․


«Ընտանեկան բժիշկը նույն կաբինետում չի կարող սպասարկել և՛ տուբերկուլյոզով հիվանդին, և՛ կոնտակտավորին, և՛ մյուս հիվանդներին։ Մենք ունենք հատուկ պայմանների պահանջներ, որ տուբերկուլյոզի կաբինետները պետք է առանձին մուտք ունենան, առանձին սանիտարահամաճարակային նորմ ունենք դրա համար»,– նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ սոցիալապես անապահով խավին ամեն օր տրանսպորտով դեղերի հետևից ստիպելը կամ դեղերը տոպրակով տալը կբերի անհետևողականության, ինչի հետևանքով կարող են առաջանալ դեղորայքի նկատմամբ կայուն (ռեզիստենտ) շտամներ։


Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ որպես բարձր ռիսկի գործոն՝ Անուշ Պողոսյանը մատնանշել է նաև թմրամոլության աճը, որի շրջանում հիվանդությունը շատ արագ է փոխանցվում։ Բացի այդ, նրա տեղեկություններով, Հայաստանում տուբերկուլյոզից նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել, որոնք պատկան կառույցները գերադասել են լռության մատնել։


«Մենք ունեցել ենք երեխաների շրջանում տուբերկուլյոզային մենինգիտի դեպքեր․․․ Անցյալ տարի մենք անգամ մահ ենք ունեցել երեխայի տուբերկուլյոզային մենինգիտի հետևանքով։ Այնպես որ ջայլամի քաղաքականություն վարել և ասել, որ մենք տուբերկուլյոզ չունենք, և դա մեզ պետք չէ, ինձ թվում է` առնվազն պրոֆեսիոնալ չէ»,– շեշտել է նա։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի գնահատականներով՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 550 դեպք՝ 2023-ի 620-ի և 2005-ի ավելի քան 4000-ի փոխարեն։


1/2987
bottom of page