Նպաստը պետք է ժամանակավոր լինի․ Թորոսյանը՝ նոր համակարգի մասին

Անապահովության նպաստը պետք է լինի ժամանակավոր աջակցություն՝ մինչև ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ Այս դիրքորոշումը հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով նպաստների համակարգում իրականացված փոփոխությունները։
Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հարց բարձրացրեց այն ընտանիքների վերաբերյալ, որոնք կենսաթոշակների բարձրացումից հետո զրկվել են նպաստից։ Նրա դիտարկմամբ՝ կան դեպքեր, երբ ընտանիքի կազմը, գույքային վիճակն ու մյուս պայմանները չեն փոխվել, սակայն քաղաքացիներին նպաստի դադարեցումը բացատրել են կենսաթոշակի ավելացմամբ։ Գևորգյանը բարձրացրեց նաև տեղերում գնահատման և քաղաքացիներին պատշաճ պարզաբանումներ տրամադրելու խնդիրը։
Թորոսյանը պատասխանել է, որ ընտանեկան և սոցիալական նպաստների նախկին համակարգը փոխարինվել է անապահովության նպաստի համակարգով, որի հիմքում այլ սկզբունքներ են։
Նախարարի խոսքով՝ նախկինում գնահատումը հիմնականում հիմնված էր ընտանիքի անդամների կարգավիճակի, այդ թվում՝ տարիքի, հաշմանդամության, երեխաների թվի վրա, որոնց համապատասխան նշանակվում էին միավորներ։ Նոր համակարգում գնահատվում է ընտանիքի կարիքը՝ հաշվի առնելով եկամուտները, գույքը և ընտանիքի կազմը։
Նա նշել է, որ համակարգը նախ փորձարկվել է Սյունիքի և Կոտայքի մարզերում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով։ Ընտանիքների վերագնահատումն էլ կատարվում է նախորդ գնահատումից մեկ տարի անց, հետևաբար՝ բոլոր ընտանիքների համար փոփոխությունները միաժամանակ չեն կիրառվում։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընտանիքի կյանքում փոփոխություն չի եղել՝ նախարարը շեշտել է, որ փոխվել է գնահատման համակարգը։
Թորոսյանը ներկայացրել է նաև եկամուտների հաշվարկման մոտեցումը՝ նշելով, որ հաշվի են առնվում կենսաթոշակը, աշխատավարձը, հաշմանդամության նպաստն ու մյուս եկամուտները։ Գնահատման ընթացքում կիրառվում է պարենային զամբյուղի արժեքը, որը նախատեսվում է թարմացնել հաջորդ տարվա համար։
«Հենց հիմա պատրաստվում ենք թարմացնել՝ վերցնելով այս տարվա երրորդ եռամսյակի պարենային զամբյուղը, որպեսզի մյուս տարի դա կիրառվի։ Նաև շեմերն ենք բարձրացնում»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նոր համակարգում նպաստների չափերը տարբեր են՝ կախված ընտանիքի գնահատված կարիքից։
«Նպաստները կարող են լինել տարբեր չափերի՝ սկսած 5 հազար դրամից մինչև 250 հազար դրամ»,– նշել է Թորոսյանը։
Նախարարը կարևորել է նաև աշխատունակ քաղաքացիների զբաղվածության ապահովումը՝ հիշատակելով հասարակական աշխատանքների, ուսուցման և զբաղվածության աջակցության ծրագրերը։ Նրա գնահատմամբ՝ սոցիալական քաղաքականությունը պետք է նպաստի ընտանիքների՝ աղքատությունից դուրս գալուն։
«Նպաստով բարեկեցություն չի կարող լինել։ Նպաստը ժամանակավոր պետք է լինի՝ մինչև ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ Նախորդ համակարգը լրիվ հակառակի մասին էր՝ անվերջ աղքատության մեջ պահել մարդկանց, որպեսզի միշտ ինչ-որ այլ բանի ակնկալիք ունենան»,– պարզաբանել է Թորոսյանը։
Արձագանքելով տեղերում առաջացող խնդիրների վերաբերյալ դիտարկումներին՝ նա պարզաբանել է, որ գնահատման համար տվյալները ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ տարբեր մարմիններից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից։




















