Վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն դրամ կհատկացվի պետական բյուջեից

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ հատկացնել 62 մլն 184 հազար 700 դրամ։
Այդ գումարից 40 մլն 544 հազար դրամը կուղղվի արտասահմանյան գործուղումների ծախսերին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և տարածքների պայմանների բարելավմանը։
Բացի այդ, նախատեսվում է հասարակական կազմակերպություններին աջակցելու համար հատկացված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատավարձերի համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունն առաջացել է աշխատակիցների աշխատանքի գնահատման արդյունքներով խրախուսումներ տրամադրելու, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։
Այդ ընթացքում վարչապետի աշխատակազմում եղել են նոր ընդունված և աշխատանքից ազատված աշխատակիցներ։ Բացի այդ, աշխատանքի գնահատման հիման վրա տրամադրված խրախուսումների արդյունքում բարձրացել է աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը։
Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված գումարին, ապա հիմնավորման համաձայն՝ այն չի օգտագործվել, քանի որ ծրագրի շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։
Հետևաբար, որոշվել է չօգտագործված 41 մլն 813 հազար դրամն ուղղել աշխատավարձերի և հավելավճարների վճարմանը։




















