ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 14-ին նա պատրաստվում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին, սակայն տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է։ Արգելքի պատճառը նրան հայտնի չէ։ Բադալյանը տեղի ունեցածը որակել է տարօրինակ և մտահոգիչ՝ ընդգծելով, որ իրեն խոչընդոտել են կատարել միջազգային խորհրդարանական կազմակերպությունում ունեցած պաշտոնական պարտականությունները։
Լուսինե Բադալյանի գրառում է կատարել այդ մասին․
«Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։ Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել է նա։




















