Իշխանությունն իրականությունից կտրված է, քաոս են ստեղծելու․ Աբգարյանը՝ Երևանում մարզային տրանսպորտի սահմանափակման մասին

Երևան մտնող ավտոմեքենաների ուղևորները ստիպված կլինեն մեքենաները թողնել հատուկ կայանատեղիներում և քաղաքի ներսում երթևեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այս մասին հայտարարել է Factor TV-ի հետ զրույցում։ Նախկինում նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա ԱբգարյանըAysor.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքային իշխանությունը, իր մյուս նախաձեռնությունների նման, այս ծրագիրն էլ փորձելու է կյանքի կոչել ամեն գնով։
«Մարդիկ համառ են։ Սակայն կրկին բախվելու են նրան, որ քաոս են ստեղծելու, մարդկանց նյարդայնացնելու են, հետո նոր սկսելու են փոփոխություններ անել։ Այս մարդիկ սկզբում իմպլեմենտացիա են անում, հետո նոր սկսում են խնդիրները տեսնել»,- ասաց Աբգարյանը։
Ավագանու անդամը նախաձեռնությունն անիրատեսական է համարում՝ ընդգծելով, որ Երևանում դեռևս չկա ուղևորահոսքը սպասարկելու համար անհրաժեշտ տրանսպորտային համակարգը։
«Մենք ունենք շատ մեքենաներ, որոնց սեփականատերերը Երևանում են բնակվում, սակայն մեքենաները գրանցված են մարզերում։ Այստեղ ևս խնդիր կա։ Մարդիկ կան, որոնք ամեն օր գնում-գալիս են։ Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ Երևան քաղաքն այսօր չունի տրանսպորտային այն համակարգը, որը կկարողանա սպասարկել այդ հոսքը։ Եղած հոսքը տրանսպորտը չի կարողանում բավարարել։ Սա շատ տարրական բան է, որը պետք է որ հասկանային։ Սակայն երեկվա նիստին հասկացա, որ մարդիկ տեքստ չեն հասկանում»,- հավելեց նա։
Իզաբելլա Աբգարյանն անդրադարձավ նաև մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներին.
«Մարզային ուսանողները խնդրում են դասից իրենց մի քիչ շուտ թողնել, որպեսզի հասցնեն ուսանողական անվճար ավտոբուսին, քանի որ սոցիալական վատ վիճակում են։ Ուսանողներ կան, ովքեր համակարգիչ չունեն, փոքր հեռախոսներով են դաս անում։ Իշխանությունն իրականությունից կտրված է»։
Ըստ նրա՝ մարզերից ամեն օր Երևան եկող ուսանողների համար տրանսպորտային սահմանափակումները կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել։
«Ի՞նչ է լինելու, երբ մարզային ավտոբուսը չմտնի Երևան։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը գիտի՞, որ բնակարանների վարձերի գների պատճառով այսօր մարզերից եկող ուսանողները ամեն օր գնում-գալիս են, ճանապարհի վրա 4-5 ժամ են անցկացնում։ Ուզո՞ւմ են էլ ավելի բարդացնել այդ մարդկանց վիճակը ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանության մոտ տեղային շովինիզմ է արթնացել։ Ժամանակին իրենք մարզերից եկել, տեղավորվել են, լավ պաշտոնների են հասել։ Հիմա ասում են՝ մենք եկել ենք, մեր բարեկամներին տեղավորել ենք, դուք մի՛ եկեք»,-»,-նկատեց Աբգարյանը։




















