top of page

«Յանդեքսը» կարևոր հայտարարություն է արել Հայաստանում իր ծառայությունների վերաբերյալ

6 hours ago
1 min read

Հայաստանում «Յանդեքսի» ծառայությունների աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է, սակայն առանձին գործառույթներ դեռ կարող են անհասանելի մնալ,  Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Yandex Armenia-ի մամուլի ծառայությունը։ 



Ընկերության տվյալներով՝ սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, Yandex Go հավելվածի «Տաքսի», «Սնունդ», «Առաքում», «Բեռնափոխադրում» բաժիններին, «Yandex Maps» հավելվածին և նավարկիչին։ Ծառայություններից շատերն արդեն հասանելի են, վերականգնման աշխատանքները շարունակվում են։ 



«Այս պահին մեր առաջնահերթությունն է վերականգնել վարորդների բնականոն աշխատանքը և օգտատերերի ու գործընկերների աջակցության գործիքների հասանելիությունը»,- ասված է ընկերության՝ հոկտեմբերի 14-ի պատասխանում։



Yandex Armenia-ն պարզաբանել է, որ ծառայությունների աշխատանքի համար անհրաժեշտ են մեծ հաշվարկային հզորություններ, որոնք բաշխված են տարբեր երկրներում գործող տվյալների կենտրոնների միջև։ Եթե մի կենտրոնում խափանում է տեղի ունենում, մյուս երկրում ևս ծառայության առանձին գործառույթներ կարող են ժամանակավորապես անհասանելի դառնալ։ Աշխատանքը վերականգնելու և նոր խափանումների հավանականությունը նվազեցնելու համար ռեսուրսները տեղափոխվում են այլ կենտրոններ։ 



Այդ գործընթացի ընթացքում նույնպես կարող են ժամանակավոր սահմանափակումներ առաջանալ։ Ընկերությունը չի նշել Հայաստանում ծառայությունների ամբողջական վերականգնման ժամկետները։ 



Ավելի վաղ «Յանդեքսը» հայտնել էր, որ հոկտեմբերի 8-11-ը ԱԹՍ-ների հարձակումներից վնասվել են Ռուսաստանում իր երեք տվյալների կենտրոնները։ Ռյազանի մարզի Սասովո քաղաքում և Վլադիմիրում գտնվող կենտրոնների աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ Կալուգայում շարքից դուրս է եկել մոդուլների մի մասը։ 



Ընկերության տվյալներով՝ աշխատակիցները չեն տուժել։ Հարձակումների ֆոնին հոկտեմբերի 11-ի առավոտյան Երևանում օգտատերերը բախվել են խափանումների․ չեն կարողացել տաքսի պատվիրել և օգտվել քարտեզից, հայտնել էր NEWS.am-ը։ Խափանումներն անդրադարձել են նաև հասարակական տրանսպորտի ժամանման ժամանակի ցուցադրմանը։ Ըստ կայքի՝ ժամը 11։00-ից հավելվածի աշխատանքն աստիճանաբար սկսել է վերականգնվել։

1/2943
bottom of page