Ինչո՞ւ են փոխել Երևանի Մալաթիա վարչական շրջանի ամբողջական եզրաքարերը․ ընթերցողներն ահազանգում են

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են իբր հանրային կարիքների համար կատարվող տարօրինակ ու անհարկի ծախսերի մասին։ Այսպես, վարչական շրջանի բնակչուհի Սվետլանա Ս․-ն դիմել է NEWS.am-ի խմբագրություն և պատմել բնակիչների դժգոհությունների մասին։ «Որոշ ժամանակ առաջ կենտրոնական հատվածում (օղակաձև խաչմերուկում – խմբ․) սկսեցին փոխել եզրաքարերը։
«Բարեկարգման» անվան տակ քանդում են լավ վիճակում գտնվող քարերը, որոնց փոխարինման վրա այժմ միջոցներ ծախսելու ոչ մի անհրաժեշտություն չկար։ Վարչական շրջանում խնդիրները բավականին շատ են՝ սկսած բակերի ու մայթերի աղտոտվածությունից, վերջացրած մուտքերի վիճակով, որոնք տասնյակ տարիներ չեն նորոգվել։ Այս ամենը կոռուպցիայի մասին մտորումների տեղիք է տալիս․ հավանաբար նոր եզրաքարերի մատակարարը (որոնք, ի դեպ, արտաքուստ ավելի վատն են, քան հները) որևէ մեկի մտերիմն է կամ բարեկամը», — ասում է Սվետլանա Ս․-ն։
Նրա խոսքով՝ նույն կերպ են իրականացվում նաև բակային ծրագրերը․ լավ վիճակում գտնվող բակերը «բարեկարգվում են»՝ հավանաբար ուռճացված գներով, իսկ ամենավատ ու անբարեկարգ բակերին ձեռք չեն տալիս։ Բացի այդ, շատ դեպքերում «բարեկարգումը» կիսատ է մնում, իսկ վերջերս տեղադրված մարզասարքերը, ֆուտբոլի դարպասներն ու բասկետբոլի ցանցերն արդեն վնասված են, ինչը վկայում է դրանց ցածր որակի մասին։ «Ես՝ որպես տանտիրուհի, հարցեր ունեմ գումարների նման ծախսման վերաբերյալ։ Սկզբում պետք է ապահովել առաջնահերթ անհրաժեշտը, հետո միայն մտածել լավը ավելի լավով փոխարինելու մասին։ Բայց, ըստ երևույթին, նպատակն ամենևին էլ քաղաքացիների կյանքն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնելը չէ, այլ հոգատարության տպավորություն ստեղծելը՝ չմոռանալով սեփական գրպանի մասին», — կարծում է զրուցակիցը։




















